ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիան (DFC) վարկային համաձայնագիր է ստորագրել վրաց-ամերիկյան «PACE» լոգիստիկ խմբի հետ, որի շրջանակում նախատեսվում է 25 միլիոն դոլարի ներդրում կատարել Փոթիի ծովային նավահանգստում։ Այս մասին հայտնում են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից։
Ֆինանսավորումը նպատակաուղղված է Փոթիի նոր նավահանգստում երկրորդ նավամատույցի շինարարության ավարտին և զանգվածային բեռների տեղափոխման համար նախատեսված տերմինալի կառուցմանը։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ նավահանգստի թողունակությունը տարեկան կավելանա ևս մեկ միլիոն տոննայով։
Սա DFC-ի առաջին ներդրումը չէ այս ուղղությամբ։ 2020 թվականին կորպորացիան արդեն 50 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել նավահանգստային տերմինալի զարգացման համար, որի արդյունքում առաջին նավամատույցը շահագործման հանձնվեց 2022 թվականի հունվարին։

