Ամերիկյան իրավական և քաղաքական համակարգում խոշորագույն սահմանադրական ճգնաժամերից մեկը հանգուցալուծվել է հօգուտ գործող ստատուս քվոյի։ ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտոնական վճռով հաստատել է, որ Միացյալ Նահանգների տարածքում ծնված բոլոր անձինք ունեն ավտոմատ քաղաքացիություն ստանալու անկապտելի իրավունք։ Ինչպես փոխանցում է BBC-ն, բարձրագույն դատական ատյանը չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հրամանագիրը, որը փորձում էր սահմանափակել այդ ընթացակարգը։
Դատական նիստի ընթացքում Սպիտակ տան ղեկավարի սահմանադրական նախաձեռնության դեմ է արտահայտվել վեց դատավոր, մինչդեռ նախագահի դիրքորոշմանը կողմ է քվեարկել միայն երեքը։ 6:3 հարաբերակցությամբ այս վճիռը ծանր հարված է Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականության հիմնասյուներից մեկին։
Իրավական ոդիսականը՝ երդմնակալությունից մինչև Գերագույն դատարան
Հիշեցնենք, որ ծնունդով քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել էր դեռևս 2025 թվականի հունվարին՝ նրա երդմնակալության արարողությունից կարճ ժամանակ անց, և հանդիսանում էր նրա նախընտրական գլխավոր խոստումներից մեկը։
Ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ-ում բռնկվեց դատական հայցերի ալիք։ Մի շարք նահանգներ ու խոշոր քաղաքներ, որտեղ տեղական իշխանության ղեկին գտնվում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, դիմեցին դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նախագահի կարգադրությունը՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությանը։
Թրամփի կոշտ արձագանքը
Գերագույն դատարանի վճռի հրապարակումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել իրեն բնորոշ էմոցիոնալ և կոշտ հայտարարությամբ։ Նա հրապարակավ քննադատել է իր հրամանագրին դեմ քվեարկած վեց դատավորներին՝ նրանց անվանելով «հիմար մարդիկ»։
Սպասվում է, որ այս որոշումը նոր թափ կհաղորդի ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարին՝ դառնալով առանցքային թեմա առաջիկա կոնգրեսական ընտրությունների նախաշեմին։

