ABNews

ԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը

Լուրեր | 2026/06/18 10:38

ԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը

Ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։

Reuters-ի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սա ԱՄՆ և Իրանի նախագահների կողմից համատեղ ստորագրված առաջին փաստաթուղթն է։

Վաշինգտոնն ու Թեհրանը նաև հրապարակել են փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։

«Մենք նրանց գրողի ծոցը կուղարկենք ռմբակոծություններով, եթե նրանք խախտեն համաձայնագիրը, - Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ - Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա։ Ես ուզում եմ, որ նրանք հարգեն համաձայնագիրը»։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «արդար չի լինի», եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ չունենա։ Նախկինում Թրամփը խոստացել էր ամբողջությամբ ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռները։

Թեհրանից Իրանի բանակցային պատվիրակությունը գլխավորող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է մեկնաբանել ձեռքբերված հուշագիրը․ «Այն ամենը, ինչին մենք ձգտում էինք հասնել ռազմական գործողությունների միջոցով, բանակցությունների արդյունքում ստացել ենք մի քանի անգամ ավելին», - պետական հեռուստատեսությանը ասել է Ղալիբաֆը։

14 կետից բաղկացած փաստաթուղթը շրջանցում է մի շարք առանցքային հարցեր, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրի ապագան՝ թողնելով դա հետագա համապարփակ համաձայնագրին։ 60-օրյա բանակցային ժամկետ է սահմանվում, որի սկիզբը կազդարարվի ուրբաթ օրը Շվեյցարիայում։

Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են «անհապաղ և մշտական հրադադար» պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ նոր պատերազմ կամ ռազմական գործողություններ չսկսել և զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից։

Կողմերը նաև պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին։

Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնում են 60 օրվա ընթացքում բանակցել վերջնական համաձայնագրի շուրջ։ Ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

ԱՄՆ-ը 30 օրվա ընթացքում պետք է ամբողջությամբ դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։

Հորմուզի նեղուցի մասով Թեհրանը պարտավորվում է 60 օրով առանց տուրքերի ապահովել առևտրային նավերի երթևեկությունը Պարսից ծոցից Օմանի ծով և հակառակ ուղղությամբ։ Հուշագրում նշվում է, որ Իրանը Օմանի, ինչպես նաև Պարսից ծոցի մերձափնյա այլ պետությունների հետ կքննարկի Հորմուզի նեղուցի հետագա կառավարումն ու ծովային ծառայությունների հարցը։

Իրանի վերակառուցման և տնտեսական զարգացման համար ԱՄՆ-ը տարածաշրջանային գործընկերների հետ կմշակի առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր։

Վաշինգտոնը նաև համաձայնեցված ժամանակացույցով պետք է դադարեցնի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես կչեղարկի իրանական նավթամթերքի արտահանման սահմանափակումները։

ԱՄՆ-ը հասանելի կդարձնի նաև Իրանի սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները։ Դրա կարգը կողմերը պետք է առանձին համաձայնեցնեն։

Իրանը վերահաստատում է, որ միջուկային զենք չի ստեղծի։ Հարստացված նյութերի մասով Թեհրանը պարտավորվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությամբ առնվազն տարալուծել պաշարները։

Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս վիճակը, իսկ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանի և լրացուցիչ զորքեր չի տեղակայի տարածաշրջանում։

Կողմերը նաև կստեղծեն մեխանիզմ՝ հուշագրի դրույթների իրականացումը վերահսկելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը