Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացվել է վերջին տարիների ամենաաղմկահարույց հակակոռուպցիոն գործողություններից մեկը, որի թիրախում հայտնվել են քաղաքական էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Տեղական և միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, ինչի արդյունքում արդեն ձերբակալվել է 47 կասկածյալ։
Գործողություններն իրականացվում են Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի կառավարության նախաձեռնած լայնածավալ հակակոռուպցիոն արշավի շրջանակում։ Ձերբակալվածների թվում են առնվազն յոթ պատգամավոր, բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ծառայողներ։ Քննության ընթացքում առգրավվել են միլիոնավոր դոլարների կանխիկ գումար, ոսկի, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
Աղմկահարույց բացահայտումներ պատգամավորի տանը. Լուրեր և պաշտոնական լռություն
Մամուլում ամենամեծ արձագանքն է ստացել Իրաքի խորհրդարանի պատգամավոր Հինդ ալ-Աբասիի անվան հետ կապված դրվագը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա տանը կատարված խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են.
57 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ գումար,
27 կիլոգրամ մաքուր ոսկի,
Ոսկեզօծ ներքնազգեստ։
Այնուամենայնիվ, ABNews-ը հարկ է համարում ընդգծել, որ Իրաքի պաշտոնական կառույցներն այս պահին դեռևս չեն հաստատել պատգամավոր Հինդ ալ-Աբասիի տանը կատարված խուզարկության և այնտեղից առգրավված հեքիաթային գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Թեև նրա պատգամավորական կարգավիճակը պաշտոնապես հաստատվում է Իրաքի խորհրդարանի կայքում, գործի մանրամասների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չի հրապարակվել։
Իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ քննությունը շարունակվում է և առաջիկայում չեն բացառվում ձերբակալությունների նոր ալիքներ ու նոր բարձրաստիճան անձանց ներգրավում այս գործում։

