Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ

Օգս 3, 2024 14:10
83
ADS

Վերջին տարիներին Հայաստանի հարկային համակարգը զգալի փոփոխություններ է կրել:

2018 թվականից սկսած՝ հարկային մուտքերի աճը դարձել է կառավարության գործունեության հիմնական ցուցանիշներից մեկը: Սակայն այս մոտեցումը, որը սկզբնական շրջանում դրական արդյունքներ էր տալիս, այժմ սկսել է հանգեցնել մի շարք խնդիրների:

Ինչպես նշել եմ վերջերս տված հարցազրույցում, “Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI (Key Performance Indicator, հիմնական արդյունավետության ինդիկատոր), որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը”: Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես է այս մոտեցումն ազդել Հայաստանի տնտեսության վրա և ինչ հետևանքներ կարող է ունենալ ապագայում:

Գծապատկեր 1.

  1. Հարկային մուտքերի միտումները (2018-2024)

2018 թվականից ի վեր Հայաստանի հարկային մուտքերը զգալի աճ են արձանագրել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում հարկային մուտքերն աճել են 1208.97 միլիարդ դրամից մինչև 2306.05 միլիարդ դրամ, ինչը կազմում է 90.7% աճ: Սակայն նշենք, որ 2020 թվականին, համավարակի պատճառով, գրանցվեց 6.3% անկում: Չնայած այս անկմանը, 2018-2024 թվականների միջին տարեկան աճը կազմել է 15.7%, ինչը զգալիորեն բարձր է 2014-2017 թվականների 7.2% միջին աճից:

Այնուամենայնիվ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս աճի տեմպը դանդաղում է: 2024 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային մուտքերն աճել են ընդամենը 6.4%-ով: Սա նշանակալի անկում է նախորդ տարիների երկնիշ աճի համեմատ: Այս միտումը բացատրվում է մի քանի գործոններով, որոնց կանդրադառնանք հաջորդ մասում:

Գծապատկեր 2.

2. Հարկատեսակների վերլուծություն

Հարկային մուտքերի ընդհանուր պատկերը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել առանձին հարկատեսակների դինամիկան: Երրորդ գծապատկերը ցույց է տալիս, որ տարբեր հարկատեսակներ տարբեր միտումներ են դրսևորում:

Անուղղակի հարկերի, մասնավորապես ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրման տեմպերի նկատելի անկում է գրանցվել: Չնայած դեռևս առկա որոշակի աճին, հարկահավաքության աճի տեմպը նվազում է: Սա մտահոգիչ է, քանի որ անուղղակի հարկերը սովորաբար արտացոլում են տնտեսական ակտիվությունը և սպառումը:

Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա անուղղակի հարկերը բավականին կրճատվել են, հավաքագրվող հիմնական հարկատեսակների մեջ այս պահին միայն եկամտահարկը չի կրճատվել։ Մյուս հարկերը՝ շահութահարկը, շրջանառության հարկը, ավելացված արժեքի հարկը, մաքսատուրքը կրճատվում են:

Եկամտային հարկը դեռևս աճի միտում է ցուցաբերում, սակայն աճի տեմպը կայունացել է: Սա կարող է վկայել աշխատավարձերի աճի դանդաղման կամ աշխատատեղերի ստեղծման տեմպերի նվազման մասին:

Շահութահարկի անկումը ցույց է տալիս երկրում առկա հիմնական խնդիրները՝ մասնավորապես կապիտալի արտահոսքը: Ինչպես նշել եմ նախկինում` Հայաստանն այս պահին ունի կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում:

Նշենք նաև, որ 2021-2022 թվականներին կիրառված հատուկ պղնձի հանքաքարի արտահանման տուրքը, որը երրորդ գծապատկերում երևում է երևում պետական տուրքի կտրուկ աճով և անկմամբ։ Այս տուրքի արդյունքում ԶՊՄԿ ստիպված ընծայեց կառավարությանը իր բաժնետոմսերի 21.8 տոկոսը, որից հետո միայն այս տուքը հանվեց: Սա թեև կարճաժամկետում ավելացրեց պետական բյուջեի մուտքերը, սակայն երկարաժամկետում կարող է բացասաբար անդրադառնալ ոլորտի զարգացման վրա:

Մաքսատուրքերի զգալի անկումը պայմանավորված է հատուկ գործոններով, որոնց կանդրադառնանք հաջորդ բաժնում:

Գծապատկեր 3.

3. Ոսկու տարանցման գործոնը

2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիս Հայաստանը դարձել էր ռուսական ոսկու հիմնական տարանցման երկիրը: Ըստ մեր գնահատկանի 2024 թվականի առաջին 3 ամիսների կտռվածով Ռուսատանից ոսկու արտահանման 88.4% անցնում էր Հայաստանով: Այս ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտահանման 76%-ը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները:

«Այստեղ խնդիրը նաև այն է, որ ոսկու մեծ քանակությունը՝ միլիարդավոր դոլարների հասնող, որը 2023-ի դեկտեմբերից մինչև 2024-ի մայիս անցավ Հայաստանի տարածքով և ապահովեց վերջին շրջանի տնտեսական աճը, արդեն դադարում է, իսկ պետությունը նույնպես որոշակի եկամուտներ ուներ։ Սա ևս մտահոգիչ է»:

Այս արտակարգ իրավիճակը ժամանակավոր խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսության համար, սակայն միաժամանակ քողարկեց տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրները: Ավանդական արտահանման ապրանքների ծավալները փաստացի նվազել են, ինչը մտահոգիչ է երկարաժամկետ տնտեսական աճի տեսանկյունից:

Գծապատկեր 4.

4. Կառավարության հարկային քաղաքականությունը և դրա հետևանքները

Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը սկզբնապես դրական արդյունքներ է տվել: Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ:

Սակայն, այժմ այս մոտեցումը սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Կառավարությունը, ձգտելով ապահովել հարկային մուտքերի շարունակական աճ, դիմում է նոր հարկատեսակների ներդրման կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացման:

Օրինակ՝ քննարկվում է հիփոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու հնարավորությունը: Ըստ «Հետք»-ի հրապարակման, “Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը եկամուտ համարելու և հարկելու մասին քննարկումներ են սկսվել:

Բացի այդ, 2025 թվականից շրջանառության հարկը 5-ից դառնալու է 10 տոկոս, իսկ ՏՏ ոլորտին տրամադրված հարկային արտոնությունները աստիճանաբար վերացվում են: ՏՏ ոլորտի զարգացումը խրախուսելու նպատակով տրամադրված հարկային արտոնությունների մի մասը 2024 թվականի սկզբին էր դուրս եկել, իսկ մյուս մասն էլ դուրս կգա 2025-ի սկզբին։

Այս մոտեցումը, սակայն, կարող է հակառակ արդյունք տալ: Տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆֆերի կորի գաղափարը ցույց է տալիս, որ հարկային բեռի շարունակական ավելացումը որոշակի կետից հետո կարող է հանգեցնել հարկային մուտքերի նվազման: Սա կարող է տեղի ունենալ, քանի որ բարձր հարկերը կարող են խթանել ստվերային տնտեսությունը կամ նվազեցնել տնտեսական ակտիվությունը:

Գծապատկեր 5.

Եզրակացություն

Ներկայիս հարկային քաղաքականությունը զգալի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Կապիտալի արտահոսքը և ներդրումների կրճատումը մեծ մարտահրավեր են հանդիսանում երկրի տնտեսական աճի համար:

Հայաստանի հարկային համակարգի և հարկահավաքության վերլուծությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հարկահավաքությունը որպես կառավարության արդյունավետության հիմնական ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը, որը սկզբնապես դրական արդյունքներ էր տվել, այժմ սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Հարկային մուտքերի աճի տեմպերի դանդաղումը, անուղղակի հարկերի հավաքագրման անկումը և կապիտալի արտահոսքը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել ներկայիս հարկային քաղաքականությունը: Նոր հարկատեսակների ներդրումը կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացումը կարճաժամկետում կարող են ապահովել լրացուցիչ մուտքեր, սակայն երկարաժամկետում կարող են խոչընդոտել տնտեսական աճը և ներդրումների ներգրավումը:

Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այնպիսի ռազմավարական ոլորտների վրա, ինչպիսին է ՏՏ ոլորտը: Հարկային արտոնությունների վերացումը կարող է հանգեցնել մասնագետների արտահոսքի և ոլորտի մրցունակության անկման:

Ապագայում կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն: Այն պետք է միտված լինի ոչ միայն հարկային մուտքերի ավելացմանը, այլ նաև բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խրախուսմանը և տնտեսության դիվերսիֆիկացմանը:

Պետք է նաև հաշվի առնել արտաքին գործոնները, ինչպիսին էր, օրինակ, Ռուսատանից կապիտալի, հետո նաև ոսկու տարանցումը, որը ժամանակավորապես բարելավեց տնտեսական ցուցանիշները: Սակայն նման արտաքին գործոնները չպետք է շեղեն ուշադրությունը երկարաժամկետ կայուն զարգացման անհրաժեշտությունից:

Վերջապես, կարևոր է շարունակել մոնիթորինգի ենթարկել հարկային համակարգի արդյունավետությունը և ճկուն արձագանքել փոփոխվող տնտեսական իրավիճակներին: Միայն այս կերպ Հայաստանը կկարողանա հաղթահարել ներկայիս մարտահրավերները և ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ ու բարեկեցություն:

tvyal.com