Ապահովագրական համակարգը Հայաստանում շարունակում է դինամիկ կերպով զարգանալ։ Հոդվածում կարող եք գտնել, թե որքան ապահովագրավճարներ են գեներացվել ապահովագրական համակարգում, որ ապահովագրական ընկերություններն են ամենաշատը վճարել հատուցումներ, և որ ընկերություններն են ամենաշատ շահույթն ունեցել։
Որքա՞ն ապահովագրավճարներ են գեներացվել ապահովագրական համակարգում
Ապահովագրական համակարգում ապահովագրավճարներից հասույթը 2023-ին հիմնականում ավելացել է գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունների պարագայում, տեղեկանում ենք ապահովագրական ընկերությունների հրապարակած հաշվետվություններից։
Ապահովագրավճարներից ամենաբարձր հասույթը գրանցվել է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում՝ շուրջ 17 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերության ապահովագրավճարներից հասույթի մակարդակը նախորդ 4 տարիների ընթացքում աճի միտում է ունեցել, 2023-ին հասույթի մակարդակը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 16%-ով։
Հասույթի մակարդակով հաջորդում են Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ-ն և Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն։ Լիգա Ինշուրանսը ևս շարունակական աճ է գրանցել նախորդ 3 տարիների ընթացքում՝ 2023-ին հասնելով շուրջ 16 մլրդ ՀՀ դրամի՝ 9.5%-ով ավելի քան նախորդ տարում։ Նաիրի Ինշուրանսի պարագայում հասույթի աճ է գրանցվել նախորդ 5 տարիների ընթացքում՝ 2023-ին կազմելով 12,8 մլրդ ՀՀ դրամ՝ 23,7%-ով ավելի շատ քան նախորդ տարում։
Հասույթի ամենացածր մակարդակը գրանցվել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ն, հասույթի մակարդակը վերջին երեք տարիներին նվազել է՝ 2023-ին կազմելով 162 մլն ՀՀ դրամ։ Հասույթի անկում վերջին երեք տարիներին նկատվել է նաև Ռեգո Ինշուրանս ԱՓԲԸ-ում։ Վերջինիս հասույթը 2023-ին կազմել է 3 մլրդ 729 մլն ՀՀ դրամ։
Ապահովագրավճարներում գերակշռող մասը կազմել են Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գծով վճարները՝ ընդհանուրի 40%-ը։ ԱՊՊԱ գծով վճարները 2023-ին աճել են շուրջ 17,4%-ով՝ հասնելով 25,5 մլրդ ՀՀ դրամի։ Աճի տեմպը 2023-ին ավելացել է (2022-ին նախորդ տարվա համեմատ աճը կազմել էր մոտ 9,8%), ինչից կարելի է ենթադրել, որ ապահովագրական շուկայի ազատականացումը դրական ազդեցություն է ունեցել ապահովագրական ընկերությունների համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ԱՊՊԱ սակագներն ազատականացվել են, այսինքն, յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն հնարավորություն ունի ինքնուրույն սահմանել ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկման մոդելներ։ Մինչ այդ ապահովագրական ընկերություններն առաջարկում էին միասնական/միատիպ գին, իսկ այժմ նրանք կառաջարկեն տարբերվող գներ՝ կախված յուրաքանչյուր ընկերության կողմից մշակված ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունից։
Նշանակում է, որ պետությունն այլևս չի կարգավորում ապահովագրական շուկան՝ ստեղծելով հնարավորություն ապահովագրական համակարգի ընկերությունների համար՝ մրցակցելու հաճախորդների համար։ Հաջորդում են առողջության ապահովագրության գծով վճարները (ընդհանուրի 24%-ը), որոնց աճը նախորդ տարվա համեմատ եղել է 27%՝ կազմելով շուրջ 15,7 մլրդ ՀՀ դրամ։ Ենթադրվում է, որ ներդրվող առողջության պարտադիր ապահովագրությունը այս համատեքստում կտրուկ աճի կհանգեցնի։
Ծավալով հաջորդը գույքի ապահովագրության վճարներն են (ընդհանուրի 12%-ը)՝ հրդեհից, բնական աղետներից և այլ վնասներից, ընդհանուր ապահովագրավճարները այս մասով կազմել են 7,9 մլրդ ՀՀ դրամ՝ 43%-ով ավելի շատ քան նախորդ տարում։
Որքա՞ն հատուցումներ են վճարել ապահովագրական ընկերությունները
Ապահովագրական հատուցումները տուժողին վճարվող գումարներն են՝ ապահովագրական ընկերության կողմից։ Նախ հասկանանք, թե ապահովագրական համակարգի ընկերությունները որքան վճարումներ են կատարել հաճախորդներին՝ այսինքն, որքան հատուցումներ են իրականացրել, ապա նաև այն, թե ժամանակաշրջանում իրենց հաճախորդներից ստացված (ապահովագրավճար) և հաճախորդներին վճարված (հատուցում) գումարները ինչ հարաբերակցություն ունեն։
Ապահովագրական համակարգում հատուցումների ծավալը 2022-ի 10% անկումից հետո 2023-ին կտրուկ աճել է 51%-ով՝ կազմելով մոտ 35,7 մլրդ ՀՀ դրամ։ 2023-ին ընդհանուր հատուցումները կազմել են ընդհանուր ապահովագրավճարների շուրջ 55%-ը, 2022-ին այս ցուցանիշը կազմել է 46,9%, 2021-ին՝ շուրջ 61%։ Հարաբերակցությունը 2022-ի անկումից հետո 2023-ին մի փոքր բարելավվել է, սակայն միևնույն է շարունակում է զիջել 2021-ին գրանցած արդյունքին։
Ընդհանուր հատուցումների 48,6%-ը կազմել են ԱՊՊԱ-ի գծով հատուցումները (շուրջ 17,4 մլրդ ՀՀ դրամ)։ Համամասնությունը 2022-ին կազմել է 45,7%, 2021-ին՝ 54,8%։ Հատուցման ծավալը 2023-ին կազմել է ԱՊՊԱ գծով ապահովագրավճարներից հասույթի 68%-ը։ Հաջորդում են առողջության ապահովագրության գծով հատուցումները, որոնք ընդհանուր հատուցումների 30%-ն են և կազմում են շուրջ 10,6 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության ապահովագրության գծով հատուցումները նրանց գծով վճարված ապահովագրավճարների 68%-ն են կազմել։
Ծավալային առումով ամենաշատ հատուցումներն իրականացրել է Լիգա Ինշուրանս ընկերությունը։ Վերջինիս վճարած հատուցումները 2022-ի անկումից հետո 2023-ին աճել են շուրջ 24%-ով՝ կազմելով ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ։ Կատարված հատուցումների 52%-ը ԱՊՊԱ գծով են եղել, իսկ 31%-ը՝ առողջության ապահովագրության (այդ թվում նաև սոց. փաթեթի շահառուների) գծով։
Հաջորդել է Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն, որի վճարած հատուցումները վերջին երեք տարիներին աճի միտում են ունեցել՝ 2023-ին կազմելով շուրջ 9,7 մլրդ ՀՀ դրամ։ Ինգո Արմենիայի պարագայում հատուցումների գերակշռող մասը՝ 45,7%-ը առողջության ապահովագրության գծով հատուցումներն են և միայն 24%-ն են ԱՊՊԱ գծով հատուցումները։
Հատուցումների ծավալով հաջորդը Նաիրի Ինշուրանսն է, որի պարագայում, իրականացված հատուցումները 2022-ին խորը անկում են ապրել, իսկ 2023-ին կտրուկ՝ 2,6 անգամ աճով կազմել են գրեթե 8 մլրդ ՀՀ դրամ։ Նաիրի Ինշուրանսի պարագայում ԱՊՊԱ գծով հատուցումները ընդհանուրի 58,5%-ն են կազմել, իսկ առողջության ապահովագրության (այդ թվում նաև սոց. փաթեթի շահառուների) գծով հատուցումները՝ 36,4%-ը։
Եթե դիտարկում ենք հատուցումների և ապահովագրավճարների հարաբերակցությունը, ապա ապահովագրական համակարգում պատկերը մի փոքր փոփոխվում է և նկատվում է, որ այս հարաբերակցությամբ առաջատարը Ռեգո Ինշուրանս ԱՓԲԸ-ն է, որի կողմից վճարված հատուցումները 2023-ին (ինչպես և 2022-ին) կազմել են ստացված ապահովագրավճարների 75%-ը և հավասար են 2,8 մլրդ ՀՀ դրամի։ Իրականացված հատուցումների 75-ից ավելի տոկոսը բաժին է ընկել ԱՊՊԱ գծով հատուցումներին։ Հատուցումների առավել մեծ մասնաբաժնով հաջորդում է Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն՝ հարաբերակցությունը 63% է։
Վերջինիս շատ քիչ է զիջում Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ-ն, որի պարագայում հատուցում ապահովագրավճարներ հարաբերակցությունը կազմում է 62%։ Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի դեպքում ստացված ապահովագրավճարների 56%-ի չափով են հատուցումներ վճարվել։ Լավագույն հնգյակը եզրափակում է Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ն՝ 48% հարաբերակցությամբ։
Ապահովագրական համակարգում հատուցում-ապահովագրավճար հարաբերակցությունն ամենացածրը եղել է Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ-ի դեպքում՝ ընդամենը 23%։ Թվերը ցույց են տալիս, որ ապահովագրական համակարգում դիվերսիֆիկացիան շատ ցածր մակարդակում է, և ոլորտի հիմնական շարժիչ ուժը ԱՊՊԱ գործարքներն են։
Ո՞ր ընկերություններն են ապահովագրական համակարգում ամենամեծ շահույթը գրանցել
2021 թվականի՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 77% անկումից, այնուհետև 2022-ին շուրջ 3,8 անգամ աճից հետո ապահովագրական ոլորտում 2023-ին շահույթի մակարդակի 26,3% անկում է գրանցվել։ Շահույթի գծով ամենաբարձր արդյունքը գրանցվել է Արմենիա Ինշուրանս ԱՍՊԸ-ում՝ 765 մլն 255 հազար ՀՀ դրամ՝ 36,5%-ով ավելի շատ, քան նախորդ տարում։
Հաջորդում են Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ-ն՝ 652 մլն 965 հազար ՀՀ դրամով, որը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է, և Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն՝ 621 մլն 19 հազար ՀՀ դրամով, որը նախորդ տարվա ցուցանիշից փոքր է 33,8%-ով։ Շահույթի բացասական մակարդակ է գրանցվել Էֆես ԱՓԲԸ-ում, կորուստի չափը կազմել է 291 մլն 677 հազար ՀՀ դրամ։ Հատկանշական է, որ վերջինս իր գործունեությունը սկսել է նախորդ տարվա հուլիսին։
Վերջին տարիներին ապահովագրական համակարգում ամենամեծ կորուստը գրանցվել է Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ-ում (նախկին Ռոսգոսստրախ Արմենիա) 2021 թվականին, որին հաջորդող տարվա դեկտեմբերին իրականացվել է կազմակերպության վերանվանումը։
Ո՞ւր է շարժվում ոլորտը
Այսպիսով հետաքրքիր է, որ չնայած ապահովագրավճարների գծով առաջին հորիզոնականները զբաղեցնող 3 կազմակերպությունների հասույթն աճել է, սակայն նրանց մոտ շահույթի զգալի անկում է գրանցվել։ Ազատականացման արդյունքում թեև ապահովագրական ընկերություններն ունեցան որոշակի առավելություններ, այնուամենայնիվ բարեփոխման պահին շուկան դեռ ամբողջովին պատրաստ չէր դրան։
Փաստ է, որ այսուհետ ապահովագրական ընկերությունները իրենք կընտրեն իրենց հաճախորդներին և կսահմանեն սպասարկման գինը։ Իսկ ինչպես ցույց է տալիս առ այս պահը եղած փորձը՝ վարորդների մի ստվար զանգված դժգոհ է համակարգից այն պատճառով որ, չկա տրամաբանություն, թե շուկայի ազատականացման արդյունքում ինչու մի տեղ նույն մեքենան 40 000 դրամով են ապահովագրում, մի ուրիշ տեղ՝ 140 000։
Ինչ վերաբերում է առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը, անկասկած սա կնպաստի ապահովագրական ընկերությունների շահույթների մի քանի անգամ աճին։ Դեռևս կա բավարար ժամանակ այս բարեփոխմանը պատրաստվելու և սահուն իրականացնելու համար, սակայն ինչպես և բոլոր դեպքերում, այս անգամ ևս փոփոխությունը լայն հանրային ընդվզումներ է առաջացնելու, և վատ չէր լինի, որ ապահովագրականները այս պահից սկսած արդիականացնեն և լավարկեն իրենց սպասարկման որակը, նման խնդիրներից խուսափելու համար։
How2B