Երկու տարի առաջ՝ 2022 թ. ապրիլին, ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50 % հավելավճար կստանան։ 2023 թ. սեպտեմբերին էլ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով ուսուցիչների ատեստավորման նոր փուլի մեկնարկի մասին՝ նշեց, որ մի քանի տասնյակ ուսուցիչ տվյալ պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։
Yerkir.am-ը նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա ուսումնասիրել և հաշվարկել է, թե իրականում ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է ստանում հայտարարված նման բարձր աշխատավարձ, և ինչպիսի՞ն է իրական պատկերն ընդհանրապես:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում բացառապես ուսուցչական դրույքային ծանրաբեռնվածությամբ աշխատող 26,009 ուսուցիչներից 15,575 ուսուցիչ կամ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի 60 %-ը ստանում է մինչև 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալ ցանկում ներառված չեն այլ պաշտոնային ծանրաբեռնվածություն ունեցող մանկավարժական աշխատողները, օրինակ՝ գրադարանավար, լաբորանտ, փոխտնօրեն և այլն:
Ստացված տվյալերի համաձայն՝ մինչև 8,965 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվի 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ, 250000-400000 դրամ՝ 1313 կամ 5 %-ը, իսկ 400000 դրամ և ավելի՝ ընդամենը 156 ուսուցիչ կամ 0,6 %-ը:
Ստացվում է, որ, չնայած իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին ու, իբր, արված ռեֆորմների արդյունքում աննախադեպ բարձրացված աշխատավարձերին, իրականում հանրապետության ուսուցիչների թվի առյուծի բաժինը՝ 60 %-ը, ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ոչ թե հենց 150,000, այլ մինչև 150,000 (օրինակ, կարող է լինել 90, 100 կամ 120 հազար դրամ ստացող ուսուցիչների զգալի թիվ): Եթե հաշվի առնենք վերջին տարիների աննախադեպ գնաճն ու ապրուստի թանկացումը, ապա այստեղ գործ ունենք ուսուցիչների խավի աննախադեպ աղքատացման ու պետության կողմից ուսուցչի բարձր առաքելությունն, օրինակ, բարձրագույն կրթություն չունեցող և 400 հազար ստացող պարեկների, գիշատիչ միթոդներով ցույց ցրող կարմիրբերետավորների, մեծամասամբ թուղթ մրոտող ու կաբինետներում սուրճ խմող շատ չինովնիկների գործից ստորադասելու փաստի հետ:
Ծանր պայմաններում քիչ թե շատ նորմալ աշխատավարձ՝ 250000-400000 դրամ ստացող ուսուցիչների թիվը, ինչպես տեսանք, կազմում է չնչին թիվ՝ 1313 կամ 5 %: Իսկ ահա աշխատավարձի 400 հազար և ավելի թիվն անընդհատ թմբկահարող իշխանության օրոք, պարզվում է, այդչափ ստացող ուսուցիչների թիվը գրեթե զորյական է և կազմում է ընդամենը 0,6 %:
Աղբյուր՝ yerkir.am