Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» միավորում են իրենց ջանքերը՝ տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու և Հայաստանում կապիտալի տեղական շուկան ուժեղացնելու նպատակով։ Այս մասին ejc.am-ին տեղեկացնում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից։
ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ»-ն բեկումնային քայլ են կատարել՝ միջարժութային առաջին ռեպո գործարքն իրականացնելով՝ Հայաստանում անվտանգ և ռազմավարական ֆինանսական գործարքների համար նոր սահման ձևավորելով։ Գործարքն իրականացվել է Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) համաձայն, որը երկու կազմակերպությունների միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսի 21-ին։
Այս նշանակալի գործարքը ՎԶԵԲ-ին թույլ տվեց գրավադրել բարձրորակ, ազատ իրացվելի արժույթով ակտիվներ և փոխարենը ստանալ տեղական արժույթով միջոցներ: Այս միջարժութային ռեպո համաձայնագիրը «Ամունդի-ԱԿԲԱ»-ի համար ծառայում է որպես կենսաթոշակային ֆոնդի ակտիվների տնօրինման ապահով եղանակ՝ միևնույն ժամանակ լիովին հարազատ մնալով ռացիոնալ ֆինանսական կառավարման իր հանձնառությանը։
ՎԶԵԲ-ի համար գործարքը հայկական դրամով (դրամ) արտահայտված, ներքին շուկայական դրույքաչափերով երկարաժամկետ միջոցներ է ապահովում՝ օգնելով ամրապնդել և դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները:
Տնտեսական ազդեցությունն էական է, քանի որ ՎԶԵԲ-ը նպատակ ունի առավելագույնի հասցնել գործառնության ազդեցությունը։ Միջոցները ռազմավարական կերպով նորից կներդրվեն իրական տնտեսությունում՝ անցման գործընթացի վրա դրական ազդեցություն ապահովելով և նպաստելով կայուն զարգացման նպատակներին։
«ՎԶԵԲ-ը շարունակում է ներդրումներ կատարել տեղական շուկայի ֆինանսական կարողությունների և «know-how»-ի համար՝ իր պորտֆեյլի կառավարման մեջ ներառելով պարզ, սակայն նորարարական պորդուկներ։ Միջարժութային ռեպոն հավելյալ գործիք կհանդիսանա ՀՀ դրամով մեր ֆինանսավորման բազայի ընդլայնման և ամրապնդման համար»,- ասաց ՎԶԵԲ-ի տնօրենի տեղակալ, ավագ թրեյդեր Գուրսու Կելեսը։
«Սա մեկ այլ նորամուծություն է, որը ՎԶԵԲ-ի հետ միասին ուրախ ենք ներկայացնել շուկային։ Այս շրջանակը մեզ հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ կերպով ներդնել կենսաթոշակային ֆոնդի միջոցները, նպաստել տեղական կապիտալի շուկայի զարգացմանը և ի վերջո այն կօգնի ֆինանսավորել տեղական տնտեսությունը»,- ասաց «Ամունդի-ԱԿԲԱ»-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։
«Ամունդի-ԱԿԲԱ-ի ասեթ մենեջմենթը» կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ Հայաստանում, որի կառավարման տակ գտնվող միջոցները գերազանցում են 400 մլրդ ՀՀ դրամը (900 մլն Եվրո)։ Եվրոպական առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդիին» և Հայաստանի առաջատար բանկերից մեկին՝ ԱԿԲԱ բանկին, պատկանող ընկերությունը ֆոնդերի կառավարման մեծ փորձ ունի:
ՎԶԵԲ-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է համագործակցում «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթի» հետ: Համաձայնագիրը տեղական արժույթով վարկեր ներգրավելու և Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է հանդիսանում: Այս նորարարական գործարքը տեղական արժույթով հուսալի իրացվելիություն է ապահովում՝ միաժամանակ արտարժութային ռիսկերը վերացնելով տեղական վարկառուների համար: