Գործադիրը այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշմանը:
Նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը:
Համատեղությամբ աշխատանքի մասին դրույթի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսուցիչների արձանագրած արդյունքի համար նրանց խրախուսելու, դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման սկզբունքը պահելու, ուսուցիչների վարձատրությունը բարելավելու նպատակահարմարությամբ: Դասավանդվող առարկաների ցանկը անհրաժեշտ է ամբողջացնել:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ըստ որոշմամբ, այս փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացը կդարձնեն ավելի մասնակցային, ուսուցիչների համար ավելի գրավիչ և դյուրին։ «Ասեմ, որ նաև քայլեր են ձեռնարկվել ատեստավորման գործընթացի թվայնացման ուղղությամբ՝ հաջորդ տարի արդեն այս տրամաբանությամբ գործընթացը կազմակերպելու նպատակով։ Կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցած և 60-69 % արդյունք ցուցաբերած ուսուցիչը ևս կունենա դրույքաչափի փոփոխություն՝ առանց հավելավճարի:
Կարգավորումը կկիրառվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած, և նախորդ տարիներին ատեստավորված լինելու և 60-69 % արդյունք ունենալու պարագայում ուսուցչի վարձատրության վերահաշվարկ չի լինելու, և դրույթը տարածվելու է միայն տվյալ և հետագա տարիների վարձատրության վրա: Երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 % աճ գրանցած, բայց չատեստավորված և վերաատեստավորված, ատեստավորմանը մասնակցած 50-59 % արդյունք ապահոված ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու հաջորդ ատեստավորմանը:
Համատեղությամբ աշխատող և հավելավճար ստացող ուսուցիչը կունենա նաև դրույքաչափի փոփոխություն: Համատեղությամբ աշխատող ուսուցիչների մասին դրույթի լավարկման արդյունքում վարձատրության մեխանիզմը կնույնացվի հիմնական աշխատավայրում կիրառվող սկզբունքի հետ, որը դրական ազդեցություն կունենա ուսուցչի վարձատրության վրա»,- ասել է նախարարը:
Այս կարգավորման շնորհիվ ատեստավորման արդյունքով առարկայական իմացության բարձր ցուցանիշ արձանագրած մասնագետը շահադրդված կլինի մնալ համակարգում, կրթել ավելի շատ թվով սովորողների:
Թեմայի շրջանակում վարչապետը, լրացուցիչ պարզաբանելով, հավելել է. «Ատեստավորման գործընթացում մենք մի քանի շեմեր էինք սահմանել: Քննության արդյունքներով 60 տոկոս և բարձր ցուցանիշ ցույց տված ուսուցիչները համարվում էին ատեստավորված և շարունակում են համարվել ատեստավորված, բայց աշխատավարձի բարձրացում ունենում էին այն ուսուցիչները, ովքեր 70 տոկոս և ավել արդյունք են ցույց տվել, այսինքն՝ համապատասխանաբար 30 տոկոս, 40 տոկոս և 50 տոկոս բարձրացում աշխատավարձի։ 70 և ավել տոկոս հավաքած ուսուցիչների պարագայում, ոչ միայն այդ 30 տոկոսներն էր ավելանում, այլև դրույքաչափը 125․000 դրամից միջինում դառնում էր 200․000 դրամ։
Կրկին ուզում եմ հիշեցնել՝ 60-70 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչները համարվում էին ատեստավորված, բայց նրանց աշխատավարձի մեջ փոփոխություն տեղի չէր ունենում։
Միակ առավելությունը, որ նրանք ստանում էին, հաջորդ պարտադիր ատեստավորումից իրենք ազատվում էին։
Հիմա մենք, քննարկելով և վերլուծելով իրադրությունը, եկանք հետևյալ եզրակացության և առաջարկեցինք, որ 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների դրույքաչափը բարձրանա` դառնալով 200․000 դրամ, բայց լրացուցիչ հավելումներն այս պարագայում նրանք չեն ստանա, կստանան երբ 70, 80, 90 տոկոսները հետագայում կամավորության հիմունքներով հաղթահարեն։
Այսօրվա որոշման ընդունման պարագայում սա նշանակում է հետևյալը, որ այն ուսուցիչները, որոնք արդեն իսկ տեղի ունեցած և առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդյունքում 60-69 տոկոս արդյունք կարձանագրեն, 2023թ. հոկտեմբերից կստանան դրույքաչափի, ըստ էության, կրկնապատկում։
Մյուս կարգավորումներն էլ արդեն համապատասխանաբար ավելի ենք լավարկում: Սրա նպատակն է քաջալերել մեր հարգելի ուսուցիչներին, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն։ Այնուամենայնիվ նրանք, ովքեր ատեստավորման շեմն անցել են` աշխատավարձի էական փոփոխություն կարձանագրվի նրանց համար»: