OpenAI ընկերությունը նոր կարգավորումներ է ավելացրել արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտի ինտերֆեյսում, որը թույլ կտա օգտատերերին ջնջել զրույցի պատմությունը և ապահովել տվյալների արտահանման ավելի հարմար եղանակ: Ստարտափը նաև հայտարարել է ծառայության բիզնես տարբերակ (ChatGPT Business) թողարկելու մտադրության մասին, որը կներկայացվի առաջիկա ամիսներին,— գրում է News.am Tech-ը։
Ինչպես տեղեկացնում է Foxnews-ը, չատբոտն այսօր աշխատում է համեմատաբար վերջերս ներդրված GPT-4 լեզվական մեծ մոդելի հիման վրա, իսկ ծառայությունից այժմ օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ։ ChatGPT-ը լռելյայն կերպով պահպանում է և՛ օգտագործողի պատասխանները, և՛ արհեստական բանականության պատասխանները: Նոր կարգավորումները, սակայն, թույլ կտան 30 օր հետո ջնջել զրույցի պատմությունը: Ընդորում, տվյալները չեն օգտագործվի OpenAI-ի կողմից՝ լեզվական մոդելներին ուսուցանելու համար։
Ընկերության տվյալներով՝ կառավարման այս նոր տարրերը հասանելի կլինեն բոլոր օգտատերերին, և դրանց փուլային ինտեգրումն արդեն սկսվել է։ OpenAI-ը նշում է, որ կարգավորումները կարող են փոխվել ցանկացած պահի: Եթե զրույցների պատմության պահպանման ֆունկցիան անջատված է, ապա դրանք կպահվեն միայն 30 օր, իսկ ջնջվելուց առաջ ըստ անհրաժեշտության մոնիտորինգի կենթարկվեն՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։
Բացի դրանից, ընկերությունն ավելացրել է բովանդակությունն արտահանելու ավելի պարզեցված հնարավորություն։ Ըստ OpenAI-ի՝ գործիքն օգտատերերին թույլ է տալիս արտահանել արհեստական բանականության հետ զրույցների և հարակից ինֆորմացիայի պատճենները: Այս տվյալները նախկինում ևս հնարավոր էր արտահանել, բայց դա մի փոքր ավելի շատ ջանք ու ժամանակ էր պահանջում։
Միևնույն ժամանակ OpenAI-ը հայտարարել է, որ թողարկում է ChatGPT-ի բիզնես տարբերակը։ Ստարտափը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կստանա չատբոտի այս տարբերակը ընդհանուր հասանելի մյուս տարբերակի համեմատ։ Այդուհանդերձ, ընկերությունը վստահեցրել է, որ ChatGPT-ի սովորական տարբերակում օգտատերերի ստեղծած տվյալները լռելյայն կերպով չեն օգտագործվի լեզվական մոդելների ուսուցման համար:
OpenAI-ը պարզաբանել է, որ բիզնես տարբերակը նախատեսված է «պրոֆեսիոնալների համար, որոնք իրենց տվյալների նկատմամբ ավելի շատ վերահսկողության կարիք ունեն, ինչպես նաև ընկերությունների համար, որոնք ցանկանում են կառավարել վերջնական օգտագործողի փորձառությունը»: