ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր: Գերատեսչությունում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը: Երևանը հուսալի մուտք կունենա Հնդկաստան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։ Օրակարգում «Միջին միջանցքն» է. կարո՞ղ է Երևանը միանալ Տրանսկասպյան երթուղուն Հիշեցնենք, որ երթուղով նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դեպի ԵՄ և ԵԱՏՄ: Այսպես, հնդկական Մումբայի նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային եղանակով՝ Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև՝ Վրաստան և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ էլ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։ Ներկայում ծովային անցումը կապված է բարդությունների հետ: Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին Հնդկաստանին և Պարսից ծոցի երկրներին թույլ կտա 25 տոկոսով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև, գրեթե կրկնակի, փոխադրման ժամանակը (ներկա դրությամբ Սուեզի ջրանցքով անհրաժեշտ 40 օր ժամկետը նվազեցնելով մինչև 18 օրվա): Հայաստանն այդ դեպքում կդառնա կարևոր տարանցիկ հանգույց։ Այսպիսով, Երևանը սևծովյան վրացական նավահանգիստներով Հնդկաստանը և Իրանը կկապի Եվրոպայի հետ և հակառակը՝ ԵՄ-ն Հնդկաստանի հետ, իսկ Հայաստանի տարածքով միջանցքը Հնդկաստանին թույլ կտա մուտք գործել Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև, ավելի կարճ երթուղով՝ ԵԱՏՄ շուկա։
Աղբյուր՝  arm.sputniknews.ru