ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել
Հայաստանի ամենախոշոր հարկատուի մասին մանրամասները կարդացեք ABnews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. կարդացեք ABnews.am կայքում
Ինչպես է «կանխատեսող վերլուծությունը» հեղափոխում բիզնես ռազմավարությունը. կարդացեք ABnews.am կայքում
Ինչպիսինը պետք է լինի պրոֆեսոնալի էլ.փոստի ստորագրությունը. կարդացեք ABnews.am կայքում
Մասկը դոլարի անկում է կանխատեսել, եթե ԱՄՆ-ն չլուծի պետական պարտքի խնդիրը
Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Անշարժ գույքի գործարքների թիվը 2024թ. փետրվարին աճել է մոտ 27%-ով. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ըստ բնապահպանների Հայաստանում մինչև 10 ընձառյուծ կա
Մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կկազմակերպվի «Վերջին դաս». ԿԳՄՍ-ն հորդորում է բացառել դրամահավաքը
ԵՄ-ը կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը. նախաձեռնության բյուջեն կկազմի 8 մլն եվրո
Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 15-16-ը
Կոլումբիայի իշխանությունները դադարեցրել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները
Շենգավիթ վարչական շրջան բարեկարգվում է 18 բակային տարածք
Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից
ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում. մյուս մանրամասները՝ ABnews.am կայքում
Էմոցիոնալ ինտելեկտի դերը բիզնեսի առաջնորդության մեջ. հոդվածը կարող եք կարդալ ABnews.am կայքում
2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփումը առկա է ABnews.am կայքում
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Ոսկու տենդ. Հայաստանի արտահանման կեսը վերաարտահանում է

Ապր 16, 2024 15:02
77
ADS

Հայաստանի վերաարտահանման պաշտոնական տվյալների վերլուծություն

Հայաստանի արտահանումը 2022 թվականին աճել է 79%, դեպի Ռուսաստան՝ մոտ 3 անգամ (197.9%), իսկ 2023-ին արտահանումը աճել է 55.3%, դեպի Ռուսաստան՝ 43.3%, դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ՝ 4.2 անգամ (316.8%)։ Սա վկայում է նաև վերաարտահանման աճի մասին՝ հիմնականում պայմանավորված Ռուս-Ուկրաինական հակամարտությամբ: Այս վերլուծության նպատակն է ձևավորել նոր մեթոդաբանություն, որի միջոցով կարելի է գնահատել Հայաստանի վերաարտահանման իրական ցուցանիշը:

Վերաարտահանման գնահատման համար նախ դիտարկենք Հայաստանի վերաարտահանման պաշտոնական տվյալները: Առաջին գծապատկերում ներկայացված են Հայաստանի վերաարտահանման պաշտոնական ցուցանիշները: Գծապատկերում ներկայացված տոկոսային ցուցանիշները ցույց են տալիս վերաարտահանման տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ: Ըստ պաշտոնական տվյալների 2023թ. վերաարտահանումը կազմել է ընդհանուրի ընդամենը 3.3%: Պաշտոնապես ամենաբարձր վերաարտահանումը գրանցվել է 2011թ.` 15.5% ցուցանիշով: Սակայն հասկանալի է, որ հատկապես տեխնոլոգիապես մեծ հագեցվածություն ունեցող ցուցանիշների զգալի, որոշ դեպքերում տասնապատիկ աճը, որը չի գրանցվել պաշտոնական վերաարտահանման մեջ, չի կարելի համարել զուտ արտահանում:

Գծապատկեր 1.

Հաջորդ գծապատկերը պատկերված է 2023 թվականի պաշտոնական վերաարտահանման ցուցանիշների բաշխվածությունը ըստ ԱՏԳ ԱԱ երկնիշ ապրանքատեսակների: Ինչպես երևում է, պաշտոնապես վերաարտահանման ամենամեծ տեսակարար կշիռը դա 62. տեքստիլ հագուստն է, որը 2022թ. պաշտոնապես եղել է վերաարտահանման 44.3%, կամ 123.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ տեղում պաշտոնապես 71. թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն և մետաղներն են 20.2%, կամ 56.5 մլն. ԱՄՆ դոլար:

Գծապատկեր 2.

Նշենք, որ 2022 և 2023 թվականի արտահանման և ներմուծման կառուցվածքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, և վերաարտահանման պաշտոնական տվյալները դժվար է դիտարկել որպես իրականությանը համահունչ: Գնահատենք և ներկայացնենք իրական վերաարտահանման ծավալները:

Վերաարտահանման իրական պատկերը Հայաստանում

Երրորդ գծապատկերում ներկայացված է վերաարտահանման գնահատված ցուցանիշները ըստ տարիների։ Նշենք, որ մեր կողմից մշակված վերաարտահանման մեթոդաբանությունը ներկայացված է հաջորդ մասում։

Գծապատկեր 3.

Ինչպես երևում է գծապատկերից, մեր կողմից մշակված մեթոդաբանությամբ 2021 թվականի վերաարտահանումը կազմում էր 5.6% կամ 167 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականի արտահանման 27.7% կամ 1.47 մլրդ դրամի արտահանումը գնահատվել է որպես վերաարտահանում: Եթե դիտարկենք միայն զուտ արտահանումը, ապա իրական արտահանման աճը 2022 թվականին կազմել է 37%, իսկ վերաարտահանումը աճել է մոտ 9 անգամ։ Հիշեցնենք, որ պաշտոնական արտահանման ցուցանիշը 2022 թվականի ընթացքում աճել է 79.0%: Նշենք, որ նույնիսկ զուտ արտահանումը այս տարի գրանցել է ռեկորդային աճ` համեմատած անցած տարիների հետ: Սա ցույց է տալիս, որ 2022 թվականին արտահանման աճը ապահովվել է ոչ միայն վերաարտահանման հաշվին։

2023 թվականի արտահանման կեսը վերաարտահանում էր։

2023 թվականին արտահանման կեսը (49.4%) կամ 4.14 մլրդ դոլարը գնահատվել է որպես վերաարտահանում։ Եթե դիտարկենք միայն զուտ արտահանումը, ապա իրական արտահանման աճը 2022 թվականին կազմել է մոտ 10%, համեմատած պաշտոնական արտահանման 55% աճին։ Նշենք, որ 2023 թվականին գնահատված վերաարտահանումը աճել է 2.8 անգամ (1.5 մլրդ դոլարից 4.1 մլրդ դոլար)։

Գծապատկեր 4.

Ինչպես երևում է վերջին գծապատկերից, թանկարժեք քարերն ու մետաղները (ԱՏԳ ԱԱ 71)՝ հիմնականում ոսկու արտահանումը, դարձել են արտահանման գերակշռող ճյուղ՝ ընդհանուր արտահանման մոտ 1/3-ը կազմել է թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը։ Ոսկու վերաարտահնման սրընթաց աճը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից և դեռ շարունակվում է։ Վերաարտահանման մեջ 2/3 մասը զբաղեցնում է այս ապրանքատեսակի վերաարտահանումը։ Նշենք նաև, որ 2024 թվականի հունվարի դրությամբ նախորդ 12 ամիսների վերաարտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 51,3 տոկոսը։

Վերաարտահանման ճշգրիտ գնահատման մեթոդաբանության մշակում

Վերաարտահանման տվյալները ճշգրիտ հաշվարկելու համար օգտագործվել է հետևյալ մեթոդաբանությունը: Ամսական կտրվածքով դիտարկվել են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) վեցանիշ ծածկագրերը կամ ենթավերնագրերը: Նշենք, որ ավելի ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար նպատակահարմար է օգտագործել ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագրերը, սակայն դրանք ստանդարտացված չեն և յուրահատուկ են յուրաքանչյուր երկրի համար, ինչպես նաև այդ տվյալները հասանելի չեն:

ԱՏԳ ԱԱ վեցանիշ ապրանքային խմբերը բաժանվել են երկու մասի: Առաջին խմբի մեջ են մտնում այն ապրանքները, որոնք ռեսուրսատար են կամ արտադրվել են թեթև արդյունաբերության կողմից, այդ ապրանքների մեջ են մտնում հետևյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ 10129 մինչև 702000 ապրանքանիշերը: Երկրորդ ապրանքային խմբի մեջ են մտնում ծանր մեքանաշինության և մետաղաձուլության արտադրությունը, այդ ապրանքների մեջ մտնում են հետևյալ ԱՏԳ ԱԱ վեցանիշ ծածկագրերը՝ 710110 մինչև 999999: Այս 2 խմբերի համար օգտագործվել է տարբեր մեթոդաբանություն վերաարտահանման իրական ցուցանիշը բացահայտելու համար: Սա արվել է, քանի որ Հայաստանը այս պահին ունի ռեսուրսներ և հնարավորություններ արտադրելու ապրանքներ, որոնք մտնում են առաջին խմբի մեջ: Հետևաբար դժվար է տարանջատել այս խմբի մեջ ապրանքները, որոնք կարելի է համարել վերաարտահանում: Օրինակի համար Հայաստանը 2022թ. ներմուծել է 225 մլն դոլարի սերուցքային կարագ (ԱՏԳ ԱԱ 40510) և արտահանել 176 մլն դոլարի սերուցքային կարագ, որը կազմել է 2022 թվականի արտահանման 0.3%-ը: Կարագը հիմնականում ներմուծվել է Նոր Զելանդիայից, Իրանից, Ֆինլանդիայից, ինչպես նաև Ֆրանսիայից և արտահանվել է Ռուսաստան: Նշենք, որ այս ապրանքի արտահանման և ներմուծման դինամիկան համազոր են 2022 թվականին, սակայն սա չի կարելի համարել վերաարտահանման նշան, քանի որ Հայաստանը ունի զարգացած կաթնային արդյունաբերություն և արտահանում է իր արտադրությունը Ռուսաստան: Նույնը վերաբերվում է կանացի վերարկուներին (ԱՏԳ ԱԱ 620240): 2022 թվականին Հայաստան ներմուծվել է 12.8 մլն դոլարի կանացի վերարկուներ, հիմնականում Չինաստանից և արտահանվել է 35.4 մլն դոլարի կանացի վերարկու՝ Իտալիա և Ռուսաստան: Հասկանալի է, որ Հայաստանում առկա է թեթև արդյունաբերության զգալի ներուժ և այս թվերի համեմատությունը չի կարելի համարել վերաարտահանում: Քանզի դժվար է հստակ մեթոդաբանությամբ որոշել, թե այս խմբի մեջ գտնվող թեթև արդյունաբերության և ռեսուրսատար ապրանքները ինչքանով կարող են համարվել վերաարտահանում, որոշվել է օգտագործել պաշտոնական վերաարտահանման ցուցանիշը որպես այս խմբի բնութագրիչ: Այսպես պաշտոնապես այս խմբի ապրանքանիշների վերաարտահանումը 2022 թվականին կազմել է 122.3 մլն ԱՄՆ դոլար:

Երկրորդ խմբի ապրանքների մեջ են մտնում մետաղաձուլության և ծանր արդյունաբերության ապրանքները: Այս ապրանքների խումբը կարելի է հստակ մեթոդաբանությամբ որոշել վերաարտահանման իրական չափաբաժինը, քանի որ այս ապրանքային խմբի մեջ կա՛մ արտահանումը համազոր չէ ներմուծմանը, կա՛մ էլ Հայաստանը դեռ չունի այդ հզորությունները որպեսզի արտադրի բարձր տեխնոտարություն ունեցող ապրանքներ: Օրինակի համար` Հայաստանը 2022 թվականին արտահանել է 173,0 մլն դոլարի երկաթ և պողպատ (ԱՏԳ ԱԱ 72, արտահանման 3.3%) և ներմուծել է 7.8 մլն դոլարի երկաթ և պողպատ: Քանի որ արտահանումը և ներմուծումը համազոր չեն, և արտահանումը մի քանի անգամ գերազանցում է ներմուծմանը, սա չի կարող համարվել վերաարտահանում: Այս խմբի մեջ են նաև մտնում այն ապրանքները, որոնք պահանջում են բարձր տեխնոլոգիական հագեցվածության աստիճան, որոնցից է օրինակի համար ԱՏԳ ԱԱ 85 ծածկագիրը, որի մեջ մտնում է կենցաղային տեխնիկան: 2021թ. Հայաստան ներմուծվել է 382.2 մլն դոլարի կենցաղային տեխնիկա (ներմուծման 7.2%) և արտահանվել է 24.9 մլն դոլարի կենցաղային տեխնիկա (արտահանման 0.8%), իսկ 2022թ. ներմուծվել է 865.0 մլն դոլարի (ներմուծման 10.0%, 2.3 անգամ աճ) և արտահանվել է 507.1 մլն դոլարի կենցաղային տեխնիկա (արտահանման 9.6%, 20 անգամ աճ): Հայաստանում դեռ առկա չեն կենցաղային տեխնիկա արտադրող գործարաններ, և հասկանալի է, որ այս ծածկագրի արտահանումը ամենայն հավանականությամբ վերաարտահանում է, որի ծավալները պետք է գնահատվեն: Նույն իրադրությունն է 87 տրանսպորտային միջոցների արտահանման հետ, որի արտահանումը 2022թ. անսպասելիորեն աճեց ավելի քան 20 անգամ:

Նշենք, որ ապրանքների վերաարտահանումը գնահատվել է ըստ հետևյալ հինգ առևտրային գործընկեր տարածաշրջաններ` ԵԱՏՄ, ԵՄ, Միջին Արևելք, Մեծ Չինաստան (որի մեջ մտնում է Հոնկոնգը) և այլ պետություններ: Ստորև ներկայացված է արտահանման տեսակարար կշիռը ըստ տարիների այս տարածաշրջանների համար:

Գծապատկեր 5.

Այս խմբի վերաարտահանման գնահատման համար օգտագործվել է մեթոդաբանությունը, որը կարելի է բնութագրել այս քայլերով`

  • Ավելի հստակ պատկեր ստանալու համար դիտարկվել են ԱՏԳ ԱԱ վեցանիշ ենթավերնագրերը ամսական կտրվածքով և առևտրային գործընկեր տարածաշրջաններով:
  • Դիտարկվել են միայն տեխնոլոգիապես հագեցված ապրանքները կամ հանքաարդյունաբերույթան ապրանքները, այսինքն ԱՏԳ ԱԱ 71-99 գլուխները:
  • Նշենք, որ վեցանիշ ապրանքային խմբերի մեջ առկա են ապրանքներ, որոնք նույն ամսվա կտրվածքով արտահանվել և ներմուծվել են նույն տարածաշրջանից, համեմատելի ծավալներով: Սա մեծ հավանականությամբ չի կարող համարվել վերաարտահանում, որովհետև որոշակի ապրանք որոշակի ամսվա կտրվածքով ամենայն հավանականությամբ չի ներմուծվի և ապա հետ արտահանվի նույն երկիր: Այսպես սա բացառելու նպատակով համեմատվել է յուրաքանչյուր տարածաշրջանից արտահանումը ընդհանուր ներմուծման հետ, որը բացառում է տվյալ տարածաշրջան ներմուծումը` յուրաքանչյուր ամսվա և վեցանիշ ապրանքանիշի կտրվածքով:
  • Քանի որ որոշակի վեցանիշ ապրանքը կարող է ներմուծվել տվյալ ամսում, բայց վերաարտահանվել հաջորդ ամսում` օգտագործվել է 2 ամսյա տարբերության լագ, որը համեմատում է տվյալ արտահանումը և ներմուծումը, և եթե ներմուծումը ավելին է արտահանումից, ապա ավելցուկը բաշխվում է հաջորդ երկու ամիսների միջև: Ըստ տարածաշրջանների, վեցանիշ ապրանքային խմբերի բաշխված ներմուծման ցուցանիշը, որից հանվել է տվյալ տարածաշրջանից ներմուծումը, անվանենք ճշգրտված ներմուծման ցուցանիշ:
  • Համեմատվել են տվյալ տարածաշրջանից ճշգրտված ներմուծման և արտահանման ցուցանիշները: Եթե արտահանումը փոքր կամ հավասար է ճշգրտված ներմուծումից և արտահանում ներմուծում հարաբերակցությունը մեծ է 33%-ից, ապա տվյալ ամսվա կտրվածքով տվյալ ապրանքի վեցանիշ արտահանումը համարվում է վերաարտահանում: Տրամաբանությունը այստեղ հետևյալն է` եթե Հայաստանը տվյալ ամսվա ընթացքում ավելի շատ ներմուծել է, քան արտահանել բարձր տեխնոլոգիապես հագեցված կամ հանքարդյունաբերության որոշակի ԱՏԳ ԱԱ վեցանիշ ծածկագիր, ապա այդ արտահանումը կարող է համարվել վերաարտահանում, եթե այն հիմնականում նախատեսված չի ներքին շուկայի համար: Այսպես եթե այդ ապրաքնի 1/3 դուրս է գալիս ներքին շուկայից, այդ ապրանքը համարվում է վերաարտահանում: Օրինակ 2022թ. ներմուծվել է 331.6 մլն դոլարի 1.5-ից 3 լիտր կայծային շարժիչով մարդատար մեքենա (ԱՏԳ ԱԱ 870323, նախորդ տարվա նկատմամբ 2.5 անգամ աճ, արտահանման 3.8%) և արտահանվել է 131.4 մլն դոլարի (25 անգամ աճ) տվյալ տեսակի ավտոմեքենաներից: Այս պարագայում արտահանման ներմուծման հարաբերակցությունը կազմել է 39.6%: Հասկանալի է, որ ներմուծման 60.4% պաշտոնապես սպառվել է ներքին շուկայում, իսկ 39.6% վերաարտահանվել:
  • Այն վեցանիշ ապրանքների համար, որոնց արտահանումը գերազանցում է ճշգրտված ներմուծմանը տվյալ ամսվա կտրվածքով ոչ ավել քան 2 անգամ, որպես վերաարտահանման ցուցանիշ է վերցվել ճշգրտված ներմուծման ցուցանիշը: Այսպես 2022թ. Հայաստան ներմուծվել է 246.9 մլն դոլար ոչ արդյունաբերական մշակված, բայց չամրացված ադամանդ (ԱՏԳ ԱԱ 710239): Սա կազմել է ընդհանուր ներմուծման 2.9% և գրանցել է 4.5 անգամ աճ համեմատած նախորդ տարվա հետ: 2022թ. Հայաստանից այս ծածկագրով արտահանվել է 336.0 մլն դոլարի ադամանդ, ընդհանուր արտահանման 6.3%, 3.9 անգամ աճ: Այս պարագայում արտահանումը 1.63 անգամ ավելի մեծ է ներմուծումից: Հասկանալի է, որ Հայաստանը ունի ադամանդագործության զարգացած ճյուղ, սակայն այս պարագայում ներմուծման ծավալը ամենայն հավանականությամբ նախատեսված է եղել վերաարտահանման համար:
  • Վերջին քայլով վերաարտահանման տվյալներից անտեսվում են այն ցուցանիշները, որոնց վերաարտահանման հարաբերակցությունը արտահանմանը ավելի ցածր է քան 33%-ը:
  • Այս հաշվարկներից հետո ԱՏԳ ԱԱ 71-99 գլուխների գնահատված վերաարտահանման ցուցանիշները միավորվում են 1-70 գլուխների պաշտոնական վերաարտահանման ցուցանիշենրի հետ ընդհանուր բազայի մեջ:

Նշենք, որ սա առաջին հետազոտությունն է վերաարտահանման ուսումնասիրության շարքում: Սպասեք այս հետազոտության շարունակությանը հաջորդ շաբաթների ընթացքում։

tvyal.am

 

Մեկնաբանություն