ԱՄՆ-ում աղջիկը սիրահարվել է ChatGPT-ի հետ ստեղծած կերպարին. ինչ է տեղի ունեցել հետո. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես դառնալ ստեղծագործ առաջնորդ. հետևեք այս 8 խորհուրդներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է TikTok-ի դեմ արգելքի որոշումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ-ի պարզաբանումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարկադիր կատարման ծառայությունը 694 մլն-ից ավելի գումար է վերականգնել
Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներմուծման ոլորտում. 2024թ. հունվար-նոյեմբեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրամեքենաների և հիբրիդային մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում հասել են ռեկորդային 20 %-ի
Evocabank. 2024 թվականի ամփոփում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՕՊԵԿ-ի զեկույցը. նավթի պահանջարկը 2026-ին նոր մակարդակի կհասնի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է պատրաստվում փոխել Դոնալդ Թրամփը իր նախագահության առաջին իսկ օրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,5 միլիոն դոլարով
Եվրոպան 2024-ին սպառել է մոտ 313 միլիարդ խմ գազ
Հայաստանի հարկային եկամուտների 2024 թվականի արդյունքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի բնակչությունը 2024-ին նվազել է 1,39 միլիոնով
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Ինչու է աշխարհում գործազրկության մակարդակը շարունակում մնալ պատմականորեն ցածր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները. ՀԵՏՔ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտրամադրի 26 մլն եվրո
Տնտեսական հավասարակշռության խախտում աճող դեֆիցիտի ֆոնին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եկամուտների անհավասարությունը Հայաստանում. խավերի բաժանման պատկերը և դրա ծախսման հետևանքները. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ

Հնվ 30, 2024 11:09
55
ADS

Հայաստանը նախորդ տարվա 11 ամսում՝ հունվար-նոյեմբերին, արտահանել է 6 մլրդ 946 մլն 382.5 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ գրանցելով 44.7 տոկոս աճ: Հայաստանից ամենաշատն արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, երրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման ծավալներում ևս 41 տոկոս աճ է գրանցվել․ ծավալով առաջատարը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են: Տնտեսագետները արտահանման աճին նպաստող գործոնների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն. տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն արտահանման նման աճը կապում է մեծամասամբ վերաարտահանման հետ, իսկ տնտեսագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Էլիզա Մաթևոսյանը կարծում է, որ արտահանման ընդամենը որոշ հատվածն է վերաարտահանումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Էլիզա Մաթևոսյանը նկատեց, որ թեև արտահանումն աճել է 44.7 տոկոսով, իսկ ներմուծումը 41, սակայն ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի մեծ է՝ շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար: «Սա ազդում է զուտ արտահանման հաշվեկշռի վրա: Եվ գաղտնիք չէ, որ Հայաստանը մշտապես կանգնել է առևտրային բացասական հաշվեկշիռ ունենալու խնդրի առջև: Սակայն ներկայում նկատվում է արտահանման և ներմուծման քիչ տարբերություն, որն էլ նպաստում է արտահանման և ներմուծման խզվածքի փոքրացմանը: Հայաստանում արտահանման նման առաջանցիկ աճը դիտարկվում է հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, որը պայմանավորված է ինչպես վերաարտահանմամբ, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքախմբերի զգալի աճով»,-ասաց Մաթևոսյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2023-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել են 2 մլրդ 136 մլն 342 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 2022-ի 11 ամսվա նկատմամբ ավելանալով 2.4 անգամ: Արտահանման ծավալով երկրորդը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 1 մլրդ 193 մլն 140 հազար դոլարի՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 89.1 տոկոսով: Ծավալով երրորդը հանքահումքային արտադրանքն է․ հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել է  817 մլն 317.1 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, թեև այն 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.6 տոկոսով:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը արտահանման նման աճը հիմնականում պայմանավորում է վերաարտահանումով՝ հիշեցնելով Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին: Նա այս գործոնի հետ է կապում Հայաստանից մեքենասարքավորումների, ադամանդի արտահանման մեծ աճը:  Խուրշուդյանը, սակայն, նշում է, որ այս տարվա հունվարից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումներ: «Ես չէի ասի, որ մենք ապրանքների բնական արտահանման աճ ենք ունեցել: Սակայն ծառայությունների գծով ունեցել ենք արտահանման աճ»,-նշեց տնտեսագետը:

Տնտեսագետ Էլիզա Մաթևոսյանը, անդրադառնալով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանմանը, նկատեց, որ դրանք կազմել են արտահանման ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 30 տոկոսն այն դեպքում, երբ 2022-ի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 18.5 տոկոս: Նա նշեց՝ տոկոսային այդ մեծ փոփոխությունն էլ նպաստել է ընդհանուր արտահանման նման առաջանցիկ աճին:

«Այս ապրանքախմբի ներքո հիմնականում դիտարկվում են ադամանդը, ոսկին, ոսկերչական իրերն ու զարդերը»,-ասաց Մաթևոսյանը:

Մաթևոսյանը, սակայն, ի տարբերություն Խուրշուդյանի, համարում է, որ արտահանման որոշակի հատվածն է միայն վերաարտահանումը, քանի որ արձանագրվում է  նաև արտադրության աճ: Տնտեսագետը նշեց՝ ոսկու արտադրությունը հիմնականում աճել է: Նա նկատում է ոսկու վերամշակման աճի միտում: «2023-ի նոյեմբերին ոսկու վերամշակումն աճել է 13.7 անգամ»,-ասաց Մաթևոսյանը:

Բացի այդ՝ Մաթևոսյանը նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է: «Հատկապես վերջին ժամանակաշրջանում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկը ռուսական շուկայում էապես աճել է՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, որն էլ Հայաստանի տնտեսավարողներին դրդել է ավելի մեծ ծավալով արտահանում իրականացնել»,-հավելեց նա:

Մաթևոսյանը նկատեց, որ արտահանման ծավալներում նաև էական է եղել Հայաստանից պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը․ 11 ամսում՝ 803 մլն 603.5 հազար դոլար:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2023-ի 11 ամսում Հայաստան ներմուծումը կազմել է 10 մլրդ 931 մլն 447.4 հազար դոլար՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 41 տոկոսով:

Հայաստանը 2023-ի 11 ամսում ամենաշատը ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 2 մլրդ 289 մլն 407 հազար դոլարի՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով 48 տոկոս աճ: Ներմուծման ծավալներով երկրորդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերն են՝ 1 մլրդ 733 մլն 625.9 հազար դոլար, 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.8 անգամ է: Ըստ վիճակագրության՝ երրորդը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ապրանքախումբն է, ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 719 մլն 667.4 հազար դոլար՝ 2022-ի 11 ամսվա նկատմամբ աճելով 2.2 անգամ:

Ներմուծման ավելացման համատեքստում երկու տնտեսագետներն էլ երկրում պահանջարկի աճ են տեսնում:

«Ներմուծման ավելացմանը հիմնականում նպաստել են երկրում պահանջարկի բարձր աճը և արտահանման հնարավորությունների մեծացման պայմանները, որն էլ դրդել է ավելի շատ ներմուծում իրականացնելուն»,-ասաց Մաթևոսյանը՝ նկատի ունենալով վերամշակումն ու արտահանումը:

Ըստ նրա՝ ներմուծման աճին նպաստել է հատկապես արժևորված ազգային արժույթը:

Իսկ Աշոտ Խուրշուդյանը հետևյալ համոզմանն է. «Հայաստանում բնական պահանջարկի աճ կա՝ կապված Ռուսաստանից Հայաստան տեղափոխված բնակչության պահանջարկով: Մոտ 700 մլն դոլարի պահանջարկ է աճել, ինչը, բնականաբար ենթադրում է ներմուծման աճ»:

Ըստ նրա՝ ներմուծման աճին նպաստած մյուս գործոնը կապված է վերաարտահանման հետ: