Սույն թվականի օգոստոսի 4-ին, Հայաստանի բանկերի միությունում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակում, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրեց ՀՀ բանկային համակարգի 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում Միության կողմից իրականացված ծրագրերն ու ռազմավարական նախաձեռնությունները, որոնք ունեցել են շոշափելի արդյունքներ բանկային համակարգի զարգացման և ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Անդրադառնալով 2026 թվականի առաջին կիսամյակի ձեռքբերումներին՝ ՀԲՄ նախագահը փաստեց, որ բանկային համակարգը շարունակել է ամրապնդել իր դիրքերը՝ արձանագրելով նշանակալի առաջընթաց, միջազգային վստահության խորացում և ֆինանսական ծառայությունների որակական զարգացում։
«Անցնող կիսամյակում ՀՀ բանկային համակարգը ցույց տվեց բարձր դիմակայունություն և ռազմավարական աճ։ Բանկերը ոչ միայն խորացրել են միջազգային համագործակցությունը, այլև իրականացրել են խոշորամասշտաբ ֆինանսավորման ծրագրեր։ Մեր առանցքային նպատակն է շարունակել թվային ծառայությունների ընդլայնումը, ՓՄՁ հատվածի աջակցությունը և ֆինանսական անվտանգության մշակույթի ամրապնդումը»,- նշել է ՀԲՄ նախագահը։
2026 թվականի առաջին կիսամյակում ՀԲՄ կողմից իրականացված ծրագրերը
· Բանկային համաժողովներ
ՀԲՄ-ն 2025թ․ մեկնարկել է մարզային բանկային համաժողովներ, որոնք նպատակ ունեն ձևավորել մշտական երկխոսության հարթակ բանկային համակարգի, գործարար համայնքի, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև՝ ուղղված մարզերում տնտեսական ակտիվության և ֆինանսավորման հասանելիության խթանմանը։
· Համաժողովների շարքի այս տարվա առաջին միջոցառումը կայացավ Վանաձորում ս․թ․ ապրիլի 3-ին՝ «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով։ Այն համախմբեց շուրջ 250 մասնակիցների՝ ներառյալ ՓՄՁ ներկայացուցիչներին, առևտրային բանկերին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու բիզնեսի ֆինանսավորման առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, ծանոթանալու պետական և միջազգային աջակցության ծրագրերին, ինչպես նաև բանկերի կողմից առաջարկվող ֆինանսական լուծումներին։
· «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողով Երևանում. Մարզային համաժողովների տրամաբանական շարունակությունը դարձավ մայիսի 12-ին Երևանում անցկացված «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» համաժողովը, որը համախմբեց ավելի քան 500 մասնակիցների՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ՓՄՁ ներկայացուցիչների, առևտրային բանկերի, պետական կառույցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Համաժողովը դարձավ արդյունավետ երկխոսության և փորձի փոխանակման հարթակ, որտեղ քննարկվեցին ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնման, մրցունակության բարձրացման, նորարարական ֆինանսական գործիքների կիրառման, ինչպես նաև բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հիմնական մարտահրավերների հաղթահարման ուղիները։
«Հայկական բանկային օրեր» նախաձեռնություն Գերմանիայում
Հայաստանի բանկերի միության կողմից նախորդ տարի մեկնարկել է «Հայկական բանկային օրեր» նախաձեռնությունը:
Հունիսի 8-ին Հայաստանի բանկերի միության և գերմանական Landesbank-ի նախաձեռնությամբ Շտուտգարտ քաղաքում անցկացվեց Հայաստանի բանկերի ղեկավարների, Հայաստանի Կենտրոնական բանկի և Լանդեսբանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում։
Միջոցառման նպատակն էր խորացնել և ամրապնդել գործնական հարաբերությունները հայկական բանկերի և գերմանական Landesbank-ի միջև՝ ձևավորելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի զարգացման համար։
Հունիսի 9-ին Ֆրանկֆուրտում ՀԲՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը: Ընդունելության նպատակն էր համախմբել գործընկերներին՝ վերահաստատելու ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը և անդրադառնալու տարիների ընթացքում կատարված աշխատանքին:
Միջոցառմանը մասնակցել են գերմանական առևտրային բանկերի, Շտուտգարտի ֆոնդային բորսայի, Ֆրանկֆուրտի արդյունաբերական և առևտրային պալատի, Գերմանիայի ակտիվների կառավարման ընկերությունների և եվրոպական այլ ֆինանսական կառույցների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանում գործող առևտրային բանկերի գործադիր տնօրեններն ու այլ պաշտոնյաներ:
Ֆինանսական զեղծարարությունների դեմ համակարգված աշխատանք
ՀԲՄ-ն հետևողական և համակարգված աշխատանք է իրականացրել ֆինանսական զեղծարարությունների հետևանքով տուժած քաղաքացիների խնդիրների ուսուﬓասիրության և ոլորտային ռիսկերի նվազեցման ուղղությամբ։
ՀՀ ԱԺ հանձնաժողովների, պետական մարﬕնների և առևտրային բանկերի հետ իրականացվել է շարունակական համագործակցություն՝ ուղղված ինչպես յուրաքանչյուր անհատական դեպքի գնահատմանը, այնպես էլ համակարգային լուծումների ձևավորմանը։ Բանկերին են փոխանցվել տուժած քաղաքացիների դիմումները, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և գնահատվել են հնարավոր լուծումների տարբերակները։
Ինչպես նշել էինք փետրվարին կայացած ասուլիսի ժամանակ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկերի միությունը նախաձեռնել և իրականացրել է «Ապահով ֆինանսներ» եռամսյա հանրային իրազեկման արշավը՝ «Դու մի ասա» կարգախոսով, որի նպատակն էր բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը ֆինանսական խարդախությունների տարածված սխեմաների վերաբերյալ և նպաստել ֆինանսական անվտանգության մշակույթի ձևավորմանը։ Արշավն իրականացվել է Երևանում, մարզերում և սահմանային հատվածում՝ ապահովելով լայն աշխարհագրական ընդգրկում։
Արշավի շրջանակում երեք ամսվա ընթացքում սոցիալական հարթակներում, լրատվամիջոցներում և հաղորդակցության այլ ձևաչափերով տարածվել են ֆինանսական խարդախությունների վերաբերյալ տեղեկատվական նյութեր, տեսանյութեր և փորձագիտական մեկնաբանություններ, որոնք հասանելի են դարձել մեծ լսարանի՝
· սոցիալական հարթակներում իրականացվել է 66 հրապարակում, գրանցվել է 2.87 մլն+ դիտում):
· Արշավը հեռարձակվել է առաջատար ռադիոկայաններով։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1,514 եթերային տեղադրում։
· պատրաստվել և տարածվել են 2 սոցիալական հոլովակ, որոնք ցուցադրվել են սոցիալական հարթակներում և Հանրային հեռուստատեսությամբ։ Կազմակերպվել են նաև թեմատիկ հարցազրույցներ հեռուստատեսությամբ և ռադիոյով։
· Արտաքին գովազդային 44 վահանակներ-շուրջ 50 մլն տեսանելի կոնտակտ, իսկ հաղորդագրության հասանելիությունը գնահատվել է ավելի քան 2 մլն լսարան։
2026թ․ հուլիսի 1-ից ՀԲՄ-ի համակարգմամբ ներդրվել է «ՍՏՈՊ» գործիքը՝ որպես ֆինանսական խարդախությունների կանխարգելման և հաճախորդների պաշտպանությանն ուղղված նոր մեխանիզմ։ Նախաձեռնությունը նպաստում է բանկային համակարգում խարդախ գործարքների կանխարգելման միասնական մոտեցումների ձևավորմանը և ֆինանսական անվտանգության ամրապնդմանը։
Մասնագիտական զարգացման և շարունակական կրթության ծրագրեր
2026 թ-ի հունվար–հունիս ամիսներին ՀԲՄ Ուսումնական կենտրոնը շարունակել է իր գործունեությունը՝ նպաստելով ֆինանսական ոլորտի մասնագետների շարունակական զարգացմանն ու մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է 40-ից ավելի վերապատրաստման դասընթաց, որոնց մասնակցել է 500-ից ավելի մասնակից՝ ավելի քան 50 ֆինանսական և գործընկեր կազմակերպություններից։ Դասընթացներն իրականացվել են 19 թեմատիկ ուղղություններով՝ ներառելով բանկային և ֆինանսական ոլորտի արդիական ու պահանջված թեմաներ՝ համապատասխանության ապահովում, ռիսկերի կառավարում, վարկային վերլուծություն, ֆինանսական շուկաներ և գործիքներ, ՓԼ/ԱՖ կանխարգելում, միջազգային պատժամիջոցներ, արհեստական բանականության կիրառություն ֆինանսական ոլորտում, վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններ և այլ ուղղություններ։ ՀԲՄ-ն շարունակելու է վերապատրաստման ծրագրերի զարգացումը՝ ընդլայնելով դասընթացների թեմատիկ շրջանակը, ներգրավելով միջազգային փորձագետների և ձևավորելով բանկային համակարգի մասնագիտական զարգացման շարունակական հարթակ։
ՀՀ բանկային համակարգի առանցքային զարգացումներն ու ձեռքբերումները 2026թ․ 1-ին կիսամյակում
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգը շարունակել է ամրապնդել իր դիրքերը՝ արձանագրելով նշանակալի զարգացումներ և ձեռքբերումներ, որոնք արտացոլում են ոլորտի կայուն առաջընթացը, միջազգային վստահության խորացումը և ֆինանսական ծառայությունների զարգացումը։
Հայաստանի բանկային համակարգի միջազգային դիրքավորման և համագործակցության ընդլայնում
· 2026 թվականի մարտի 26-ին Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույցների մասնակցությամբ ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ խոշոր տեխնոլոգիական նախագծի ֆինանսավորման նպատակով։ Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները համատեղել են իրենց ռեսուրսները՝ «Firebird AI» ընկերությանը տրամադրելով 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար, և ներգրավված բանկերը հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել մասնակցությունը ծրագրի հետագա ֆինանսավորմանը։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման տեսանկյունից՝ ցույց տալով, որ տեղական ֆինանսական կառույցները կարող են համատեղ ձևաչափով իրականացնել խոշորածավալ ֆինանսավորում և աջակցել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին։
· Միջազգային ֆինանսական գործընկերների կողմից Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ վստահության շարունակական աճի կարևոր վկայություն է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում բանկերի կողմից ներգրավված միջազգային ֆինանսավորման ծավալը։ Հաշվետու ժամանակահատվածում 7 բանկեր (Ամերիաբանկը, Արդշինբանկը, Էվոկաբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը և Հայէկոնոմբանկը) միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Եվրոպական ներդրումային բանկի խմբից (EIB Group), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD), Ասիական զարգացման բանկից (ADB), Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (BSTDB), Proparco-ից (AFD Group), Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել են շուրջ 700 մլն եվրոյին համարժեք ֆինանսական ռեսուրսներ և ֆինանսավորման գործիքներ։
Ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ աջակցելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, կանաչ և էներգաարդյունավետ ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության և մասնավոր հատվածի զարգացմանը։
· Միայն Արդշինբանկի կողմից մեկ գործարքով Լոնդոնի ֆոնդային բորսայում 2026 թվականի հունվարին 600 մլն ԱՄՆ դոլարի ծավալով 5-ամյա եվրոբոնդերի թողարկումը (6.6% տարեկան եկամտաբերությամբ) դարձավ Հայաստանի ժամանակակից պատմության խոշորագույն մասնավոր միջազգային ֆինանսական գործարքներից մեկը։ Թողարկման նկատմամբ արձանագրված ավելի քան 2.1 մլրդ ԱՄՆ դոլարի պահանջարկը վկայեց միջազգային ներդրողների բարձր հետաքրքրվածության և Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ ձևավորված վստահության մասին։
Գործարքը կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի բանկային համակարգի միջազգային հեղինակության ամրապնդման, միջազգային կապիտալի շուկաներում ներկայության ընդլայնման և միջազգային ներդրումային համայնքի հետ կապերի խորացման տեսանկյունից։
· Հայաստանի ֆինանսական հատվածի միջազգային ճանաչելիության աճը հաստատող ևս մեկ կարևոր իրադարձություն դարձավ 2026թ․ մարտին Ամերիաբանկի՝ որպես Lion Finance Group (LFG)-ի անդամ, ընդգրկումը Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE (Financial times Stock Exchange) 100 ինդեքսում։ Այսպիսով, Ամերիաբանկը դարձավ առաջին հայկական ֆինանսական հաստատությունը, որը ներկայացված է աշխարհի առաջատար բորսաներից մեկի 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ FTSE 100-ում ընդգրկվելը միջազգային ներդրողների համար կարևոր վստահության ազդակ է, որը կնպաստի Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրության հետագա աճին և նոր կապիտալի ներգրավմանը։
· Moody's-ը բարելավել է մի շարք բանկերի վարկանիշի հեռանկարը՝ այն «կայունից» դարձնելով «դրական»։ Այս գնահատականը վկայում է բանկերի ֆինանսական կայունության, ռիսկերի արդյունավետ կառավարման և երկարաժամկետ զարգացման ամուր ներուժի մասին, ինչպես նաև արտացոլում են Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը։
Միջազգային հարթակներում արձանագրված ձեռքբերումներին զուգահեռ, 2026 թվականի առաջին կիսամյակում ՀԲՄ-ի համակարգմամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանի բանկային համակարգում իրականացվել են մի շարք նշանակալի նախաձեռնություններ՝ ուղղված ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, թվային ֆինանսական լուծումների զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և հաճախորդների համար առավել արդյունավետ ֆինանսական գործիքների ձևավորմանը․
Բանկերի կողմից ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված լուծումներ
Հաշվի առնելով ՓՄՁ հատվածի առանցքային դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորելով դրա շարունակական զարգացումը՝ Հայաստանի բանկային համակարգը, պետության կողմից սահմանված տնտեսական առաջնահերթություններին և առաջարկներին համահունչ, իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված ՓՄՁ-ների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը, ֆինանսավորման պայմանների բարելավմանը և բիզնես միջավայրի արդյունավետության բարձրացմանը։
· ՓՄՁ վարկավորման տոկոսադրույքների բարելավում
Հիմք ընդունելով 02.04.2026թ. ՀՀ ԿԲ Խորհրդի թիվ 76-Ն որոշմամբ «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների վերանայման վերաբերյալ, Բանկերի կողմից կայացվել է որոշում ս․թ․ մայիսի 1-ից նվազեցնել ՓՄՁ վարկերի տոկոսադրույքները՝ նպատակ ունենալով բարելավել ֆինանսավորման պայմանները և աջակցել ձեռնարկությունների ֆինանսական կայունությանը։
Տոկոսադրույքի նվազեցումը կիրառվել է ՀՀ դրամով տրամադրված այն վարկերի նկատմամբ, որոնց դեպքում՝ վերջին 12 ամիսների ընթացքում վարկի սպասարկման ուշացումները չեն գերազանցել 10 օրը, իսկ ընդհանուր վարկային պարտավորությունները չեն գերազանցել 200 մլն ՀՀ դրամը։
Նախաձեռնության շրջանակում տոկոսադրույքի նվազեցումը տարածվել է շուրջ 56 հազար վարկերի վրա, որոնց ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2 տրիլիոն ՀՀ դրամ։
ՊՈՍ տերմինալներով քարտային գործարքների միջնորդավճարների սահմանաչափերի ներդրումը
2026 թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար ֆիզիկական POS տերմինալներով քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր են սահմանվել՝ ArCa քարտերով՝ 0.5%, իսկ տեղական Visa և MasterCard քարտերով՝ 0.9%։
Սահմանաչափերի կիրառումը տարածվում է շուրջ 45 հազար տնտեսվարողների վրա։
Վճարային փաստաթղթերում ՀՎՀՀ-ների պարտադիր արտացոլման միասնական մոտեցման ներդրում
2026թ․ ապրիլի 1-ից ՀՀ առևտրային բանկերը, ինքնակարգավորման սկզբունքով, ներդրել են վճարման հանձնարարականներում գործընկերների ՀՎՀՀ-ների պարտադիր արտացոլման մեխանիզմները, որի արդյունքում ՀՎՀՀ-ներն արտացոլվում են նաև բանկային քաղվածքներում։ Նախաձեռնությունը ուղղված է գործարար միջավայրի վարչարարական բեռի նվազեցմանը և օպտիմալացմանը և բիզնեսի համար ֆինանսական գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպմանը։
Անկանխիկ վճարումների և թվային ֆինանսական ծառայությունների զարգացում
2026թ․ հունվարից անկանխիկ վճարումների խթանման և թվային ֆինանսական ծառայությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլ դարձավ ArCa քարտերով cashback ծրագրի իրականացումը։ Ծրագրի շրջանակում անկանխիկ գործարքների ծավալի 2%-ը վերադարձվում է հաճախորդներին, որից 1%-ը փոխհատուցվում է բանկերի կողմից՝ «ArCa» վճարային համակարգի միջոցով, իսկ մնացած 1%-ը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ 1-ին կիսամյակում վերադարձվել է 2․1 միլիարդ դրամ` ամբողջ 2026թվականի համար նախատեսված 7 միլիարդ դրամի դիմաց (3,5 միլիարդական դրամ Կառավարությունից և ԱրՔա-ից)։
Նախաձեռնությունը նպաստել է անկանխիկ վճարումների կիրառման ընդլայնմանը և թվային ֆինանսական ծառայությունների հետագա զարգացմանը։
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման համակարգի ներդրում
2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ներդրվել է պետական կենսաթոշակների և նպաստների բացառապես անկանխիկ վճարման համակարգը։ Ծրագրի իրականացման շրջանակում առևտրային բանկերը ՀԲՄ համակարգմամբ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել են 75 տարեկանից բարձր և հաշմանդամություն ունեցող շուրջ 50 հազար անձանց համար անկանխիկի անցման գործընթացը՝ ապահովելով ինչպես վճարային քարտերի թողարկումը և հասցեական առաքումը, այնպես էլ տարեկան պարբերականությամբ կենսաթոշակառուի՝ բանկ ներկայանալու գործընթացը առաքման ծառայությունների միջոցով կամ էլեկտրոնային տիրույթում իրականացնելը։
ՄԱՆԻՎԱԼՒ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման հաշվետվություն
2026 թ. զեկույցով ՀՀ բանկային համակարգը ճանաչվել է AML/CFT համակարգի ամենակայացած ու արդյունավետ օղակը, իսկ վերահսկողության, համապատասխանության և ռիսկերի կառավարման համակարգերը ստացել են բարձր գնահատական։
Բանկային համակարգին վերաբերող հիմնական արդյունքները.
· Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ռիսկահեն (Risk-Based) AML/CFT վերահսկողությունը գնահատվել է որպես արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան։
· Առևտրային բանկերը ցուցաբերում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բարձր մակարդակի ըմբռնում և արդյունավետ կիրառում են ռիսկահեն մոտեցումը։
· Պատժամիջոցների (Targeted Financial Sanctions) կիրառման մեխանիզմները գնահատվել են որպես արդյունավետ, իսկ բանկերի կողմից դրանց իրականացումը՝ բարձր մակարդակի։
Ընդհանուր առմամբ, MONEYVAL-ի գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բանկային համակարգը հանդիսանում է երկրի AML/CFT համակարգի առավել կայացած և արդյունավետ օղակը, իսկ ներկայացված առաջարկությունները վերաբերում են գործող համակարգի հետագա կատարելագործմանը, այլ ոչ թե համակարգային թերությունների շտկմանը։
ՀՀ առևտրային բանկերի 2026թ. 1-ին կիսամյակի գործունեության հիմնական ցուցանիշները
2026 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշներն արձանագրել են հետևյալ դինամիկան.
· Ընդհանուր կապիտալն աճել է 3.6%-ով՝ կազմելով 2,227 մլրդ ՀՀ դրամ:
· Ընդհանուր ակտիվներն աճել են 8.1%-ով՝ կազմելով 13,838 մլրդ ՀՀ դրամ:
· Վարկային պորտֆելը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 11.5%-ով՝ կազմելով 8,775 մլրդ ՀՀ դրամ:
· Ավանդները աճել են 8․2%-ով՝ հասնելով 8,071 մլրդ ՀՀ դրամի:
· 2026թ. 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 214 մլրդ ՀՀ դրամի շահույթ:
Ասուլիսի ավարտին Դանիել Ազատյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։
*գովազդ


