Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը կտեղափոխվի էլեկտրոնային թվային հարթակ:
2025 թվականի հուլիսի 1-ից գործատուները կկարողանան կամավոր օգտվել նոր համակարգից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից այն կդառնա պարտադիր բոլորի համար: Նոր համակարգի ներդրման նպատակն է նվազեցնել խախտումների ռիսկերը, ապահովել օրենսդրության պահանջներին համապատասխան պայմանագրերի կնքումը և հեշտացնել գործընթացը թե՛ գործատուների, թե՛ աշխատողների համար։
Նոր թվային հարթակը հասանելի կլինի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից տրամադրվող հատուկ պորտալում: Գործատուները պետք է լրացնեն պայմանագրի բոլոր պարտադիր դաշտերը՝ նշելով աշխատողի տվյալները, աշխատավարձը, աշխատանքային պարտականությունները, պայմանագրի ժամկետները և այլ մանրամասներ։ Բացի այդ, գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ կարող են ավելացնել լրացուցիչ պայմաններ, որոնք հնարավոր կլինի ներառել պայմանագրում կամ ստորագրել առանձին համաձայնագրերով։
Պայմանագիրը կստորագրվի էլեկտրոնային եղանակով: Գործատուն կկարողանա օգտագործել իր անձնական էլեկտրոնային ստորագրությունը կամ լիազորել այլ անձի ստորագրելու իր անունից։ Աշխատողն էլ իր էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում կստանա պայմանագրի մասին և «Ես եմ» հարթակի միջոցով հնարավորություն կունենա ծանոթանալու պայմանագրին ու հաստատելու այն՝ դնելով իր էլեկտրոնային ստորագրությունը։
Աշխատողներին ազատելու հրամանները նույնպես կձևակերպվեն այս համակարգի միջոցով: Այն թույլ կտա արագացնել գործընթացը և ապահովել օրենսդրական պահանջների լիարժեք կատարումը: Բացի այդ, գործատուները կկարողանան փոփոխություններ կատարել արդեն իսկ ստորագրված պայմանագրերում՝ համաձայն կողմերի։
2026 թվականի ընթացքում բոլոր գործող պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև նոր համակարգի պարտադիր ուժի մեջ մտնելը, պետք է ներբեռնվեն և ներառվեն համակարգում: Սա նշանակում է, որ մինչև 2026-ի վերջ Հայաստանում այլևս չեն լինի թղթային պայմանագրեր, և ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ ու վերահսկելի:
Այս համակարգի ներդրումը կնպաստի աշխատանքի շուկայի կարգավորմանն ու աշխատողների իրավունքների պաշտպանությանը՝ ստեղծելով առավել վստահելի և վերահսկելի աշխատանքային հարաբերություններ Հայաստանում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.