Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել օրինակելի նախագծերից։
Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր առաջարկները ևս կներառվեն այս բաժնում։
Հրապարակված 18 նախագծերից ութն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր։
Նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին, որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում (https://minurban.am/hy/NK_project_catalogue), կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։
Նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարելի է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակով։ Ծրագրի մանրամասները ներկայացված են bnakavayr.am տեղեկատվական հարթակում։