Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր եւ տուգանքներ) ունենալու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է:
Խնդիրն այն է, որ գործող բիզնեսի համար նշված պահանջը կատարելու համար երբեմն անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ: Երբ ձեւավորվում է պարտավորությունը, հարկային մարմինը ժամկետանց լինելու մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, եւ դա լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք է հանդիսանում:
Այժմ հարկային մարմինը տեղեկացնելու համար ունի 5-օրյա ժամկետ: Առաջարկվում է նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը տրամադրել 10 օր ժամկետ՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքը: Դա չի վերաբերելու տարեկան պետական տուրքի պարտավորությունների կատարմանը:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: