«Գնաճ» տերմինը մեզանից շատերի համար հասկանալի է, քանի որ դա այն է, ինչին մենք անշուշտ հանդիպում ենք տարբեր տեղեկատվական ռեսուրսներում, երբ խոսվում է գների մակարդակի բարձրացման մասին: Ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի հարցը վերաբերում է բոլորին, և այն չի կարելի անտեսել։ Պետության տնտեսության համար գների աճն, ըստ էության, կործանարար չէ և նույնիսկ անհրաժեշտ է: Չափավոր գնաճը (1–2%) խթանում է արտադրությունը։ Սակայն այս ցուցանիշը հաճախ գերազանցվում է և բացասաբար է անդրադառնում ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկանց կյանքի վրա։ Մասնավորապես, այն խժռում է ավանդատուների դեպոզիտների մասով եկամուտները, նվազեցնում կենսաթոշակառուների կենսամակարդակը, ուժեղացնում է սոցիալական շերտավորումը։ Այս դպեւքոմ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել գնաճից։
Առաջարկենք մի քանի քայլ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին մարդու սպառողական զամբյուղը տարբերվում է վիճակագրական միջինից, փորձագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հաշվարկել անձնական գնաճը։ Այս կերպ կարող եք գնահատել, թե ինչպես է գների ընդհանուր աճն ազդում ձեր ֆինանսական վիճակի վրա: Դրա համար վերլուծեք այս և նախորդ տարվա նույն ժամանակահատվածների ծախսերը: Դուք կարող եք վերահսկել իրավիճակն ավելի կարճ ժամանակահատվածներում՝ չմոռանալով սեզոնների առանձնահատկությունների մասին: Օրինակ ամառային ու ձմեռային ամիսները համեմատելն անարդյունավետ է։
Կարևոր է հաշվարկել այն ապրանքների արժեքը, որոնք նախորդ ժամանակաշրջանից մնացել են ձեր սպառողական զամբյուղում: Եթե դադարել եք այցելել ֆիթնես ակումբ, ապա բաժանորդագրության թանկացումը նշանակություն չունի։ Մի քանի տարին մեկ արված միանվագ ծախսերը նույնպես կարելի է բացառել։ Պետք է ուշադրություն դարձնել կանոնավոր ծախսերին՝ մթերք, հագուստ, կոմունալ վճարումներ։ Քանի դեռ բյուջեն չեք հաշվարկում, դժվար է ճշգրիտ գնահատել սննդի և զվարճանքի համար նախատեսված փոփոխական ծախսերը: Բայց, ամենայն հավանականությամբ, դուք անմիջապես կնկատեք սուրճի (որը միշտ գնում եք), կամ ձեր սիրելի կինոթատրոնի տոմսերի թանկացումը։
Անձնական գնաճի մոտավոր հաշվարկի բանաձևը հետևյալն է. (Ընթացիկ ժամանակաշրջանի զամբյուղի արժեքը / նախորդ շրջանի զամբյուղի արժեքով — 1) * 100%:
Օպտիմալացրեք ծախսերը
Եթե անձնական գնաճը բարձր է, կարող եք, հենվելով ծախսերի պատկերի վրա, փոխել ֆինանսական սովորությունները։
- Փորձեք գնումներ կատարել այն խանութներից, որոնք առաջարկում են ավելի ցածր գներ և զեղչեր: Ամենայն հավանականությամբ, ցանցային սուպերմարկետում առկա են նույն ապրանքները, որոնց համար սովորաբար գնում եք թանկարժեք խանութ: Կարող եք նաև նմանատիպ ապրանքներ փնտրել, իսկ երբեմն ավելի ձեռնտու է առցանց պատվերներ կատարել, քանի որ դրանք ուղեկցվում են զեղչերով և բոնուսներով։
- Մտածեք, թե որքան է սկզբունքային ձեզ համար գնել հայտնի ապրանքանիշերի իրեր և սարքավորումներ: Հաճախ մարդիկ չեն վերլուծում ապրանքների և վաճառողների առաջարկների պարամետրերը, այլ առաջնորդվում են միայն արտադրողի անունով:
- Նախապես դասավորեք ձեր զգեստապահարանը և հագուստ ու կոշիկ գնեք ոչ թե սեզոնին, այլ զեղչերի ժամանակ։
- Եթե դուք պարբերաբար օգտվում եք որոշ ծառայություններից, օրինակ՝ գնում եք լողավազան կամ թանգարան, ապա հաշվարկեք, թե որն է ավելի շահավետ՝ մեկանգամյա այցելությունները, թե բաժանորդագրությունը։
- Խնայողաբար օգտագործեք ջուրը և էլեկտրաէներգիան
- Ինքնաբուխ ծախսերից խուսափելու համար խանութ գնացեք ցուցակով։
- Վերահսկեք, թե ինչ վճարովի ծառայություններից ու սակագներից եք օգտվում։ Ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել ավելի շահավետ տարբերակներ։ Բացի այդ, որոշ բաժանորդագրություններ ժամանակի ընթացքում դառնում են ոչ ակտուալ։
- Պլանավորեք ձեր օրը, դա կօգնի նվազեցնել որոշ ավելորդ ծախսեր, ինչպիսիք են տաքսին, առաքումը և լանչը։
- Ուշադրություն դարձրեք բոնուսներ, զեղչեր և քեշբեք ստանալու հնարավորություններին:
- Մի փորձեք խնայել ամեն ինչի վրա: Այսպես, վերանորոգման համար սարքավորումներ և նյութեր գնելիս պետք է գնահատել որակի և արժեքի հարաբերակցությունը, կանխատեսել ծառայության ժամկետը:
Ավելացրեք եկամուտը
Գնաճի բացասական հետևանքներից կարելի է պաշտպանվել՝ ավելացնելով սեփական եկամուտը։ Մտածեք հմտությունները զարգացնելու ուղղությամբ՝ ավելի բարձր պաշտոնի հավակնելու կամ լրացուցիչ եկամտի աղբյուր գտնելու նպատակով։
Ապագայում եկամուտների ավելացման ուղիներից մեկը ներդրումներն են։ Եթե դուք ակտիվներ եք ընտրում ներդրումների համար, երբ գների սրընթաց աճ չկա, անհրաժեշտ է համատեղել տարբեր գործիքներ՝ ելնելով ֆինանսական նպատակներից և ժամկետներից, մասնավորապես՝ բանկային ավանդները և անշարժ գույքը:
Ճիշտ է, այստեղ պետք է հաշվի առնել, որ բանկային ավանդները եկամուտների կրկնապատկման առումով ամենաարդյունավետ գործիքը չեն, քանի որ դրանք հնարավոր է չծածկեն գնաճից առաջացած վնասները։ Ճգնաժամային պայմաններում բանկերը կարող են բարձրացնել տոկոսադրույքները՝ հաճախորդներին պահելու համար, բայց իջեցնում են դրանք հենց ամենալարված պահն անցնում է։ Ավանդը, առաջին հերթին, հուսալի տարբերակ է կարճաժամկետ ներդրումների համար՝ միջոցները տոկոսադրույքով ապահով տեղաբաշխելու համար:
Գնաճի ժամանակ շատերը ներդրումներ են կատարում անշարժ գույքի մեջ: Ընդ որում, գնաճի տեմպերին զուգահեռ բարձրանում է ոչ միայն օբյեկտի գինը, այլեւ վարձավճարի չափը, որը ձեռնտու է սեփականատիրոջը։
Մասնավոր ներդրողի համար կարևոր է գնաճի ժամանակ վերահսկել անձնական ցուցանիշները և գործիքներ փնտրել կապիտալը պաշտպանելու համար: Նման ժամանակահատվածում ներդրումների հիմնական առավելությունն ակտիվների միջև ռիսկերի բաշխումն է, եկամտի գնողունակության և պորտֆելի արժեքի պահպանումը:
Զարգացեք
Թվում է, թե անհատը չի կարողանում ազդել երկրների տնտեսությունները ձևավորող գործընթացների և իրադարձությունների վրա: Ըստ էության, մեր առջև նման խնդիր չկա։ Կենտրոնացեք սեփական ֆինանսների կառավարման և անձնական նպատակների վրա: Ի՞նչ կարելի է անել հիմա գնաճի բացասական հետևանքներից խուսափելու համար․
- Բարձրացրեք ձեր ֆինանսական կրթվածության մակարդակը: Կարդացեք կայքեր և ալիքներ, որոնք հետաքրքիր պատմում են ֆինանսների մասին և վերլուծում կոնկրետ դեպքեր: Դա կօգնի ձեզ ներգրավվել թեմայի մեջ և զգալ, որ տնտեսագիտությունը վերացական հասկացություն չէ, այլ ձեր կյանքի մի մասը՝ տարբեր դրսևորումներով։ Եթե դուք տեղեկատվություն եք տեսնում գների գալիք բարձրացման մասին, պետք չէ իմպուլսիվ քայլեր ձեռնարկել: Օրինակ՝ որոշ մարդիկ ներդրումներ են կատարում կենցաղային տեխնիկայի մեջ, իսկ հետո ստիպված են լինում վերավաճառել դրանք հսկայական զեղչերով։ Կարևոր է վերլուծել սեփական բյուջեն և աշխատել դրա թույլ կողմերի վրա:
- Եթե դեռ չեք հաշվարկում բյուջե, սկսեք դա անել: Այս քայլն իսկապես կարևոր է ոչ միայն անձնական գնաճը հաշվարկելու, այլ ընդհանրապես սեփական ֆինանսները կառավարելու համար։ Գրանցեք բոլոր ծախսերն ու եկամուտները՝ դրանք բաժանելով տարբեր կատեգորիաների: Միևնույն ժամանակ, կարևոր է գործընթացը հնարավորինս հարմարավետ դարձնել և ձգտել ավտոմատացման: Ստեղծեք աղյուսակների նմուշներ կամ գտեք հարմար տարբերակներ առցանց: Կարելի է նաև ներբեռնել հաշվարկի համար նախատեսված հավելված։
Բյուջեի հաշվարկը կօգնի հասկանալ, թե ուր են գնում ձեր գումարները և օպտիմալացնել ծախսերը, ինչը հատկապես կարևոր է գնաճի պայմաններում:
Եզրափակելով՝ հիշեցնենք, որ թանկացումները մշտապես առկա են տնտեսության մեջ։ Կարևոր է հետևել դրա տեմպերին և պատրաստ լինել ճգնաժամային պահերին։ Եղեք տեղեկացված և կարդացեք նորություններ տարբեր աղբյուրներում, բայց միշտ համեմատեք պաշտոնական տվյալները անձնական ցուցանիշների հետ: Սեփական ֆինանսների պաշտպանությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։
Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում: