Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5%-ով, եւ միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել,- գրում է banks.am-ը:
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9%-ով ցածր է անցյալ տարվա արժեքից։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0%-ով:
Բուսական յուղի գների ինդեքսը սեպտեմբերի համեմատ այս ամիս նվազել է 0.7%-ով:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսի անկումը 2.2% է կազմել, որը 46.6%-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից։
Մսի գնային ինդեքսը ցած է սահել 0.6%-ով, քանի որ ներմուծումների պահանջարկի կրճատումը հանգեցրել է խոզի մսի միջազգային գների անկմանը, այդպիսով ավելի քան փոխհատուցելով թռչնամսի, տավարի եւ ոչխարի մսերի որոշակի բարձրացումը։
Ի տարբերություն վերոնշյալի, ՊԳԿ կաթնամթերքի ինդեքսը հոկտեմբերին 2.2% աճ է գրանցել՝ ազդարարելով իննամսյա գնանկման ավարտը։ Կաթի փոշու համաշխարհային գներն աճել են հիմնականում կարճաժամկետ եւ երկարաժամկետ մատակարարումների պահանջարկի կտրուկ ավելացման պատճառով: