Ֆրանսիան կողմ է ռուսական նավթի ներկրման արգելքին, հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը։
«Երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում Դոնբասում, ավելի քան երբեւէ անհրաժեշտ է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը»,- ասել է Լը Մերը «Europa 1» ռադիոկայանին:
Նրա խոսքով, հենց նավթն է, այլ ոչ թե գազը, որը «մի քանի տարի Պուտինի ռեժիմի համար արժույթի առաջին աղբյուրն է եղել», եւ, հետեւաբար, «ռուսական նավթի ներկրումը դադարեցնելը նշանակում է վնաս հասցնել Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորմանը նրանց համար, ովքեր իշխանության ղեկին են Ռուսաստանում»։
Ֆրանսիան փորձում է եվրոպացի գործընկերներին համոզել դադարեցնել ռուսական նավթի ներկրումը, հավելել է Լը Մերը՝ պնդելով, որ որոշ երկրներ «վճռական չեն» այդ հարցում։ «Պատճառը, որ մենք դեռ չենք արել դա, այն չէ, որ Ֆրանսիան չի ցանկանում»,- ասել է Լը Մերը: «Պատճառն այն է, որ որոշ եվրոպացի գործընկերներ վճռական չեն»: