Wildberries–ը նախատեսում է Հայաստանում ընդլայնել գործունեությունը: Երկօրյա աշխատանքային այցով Երեւանում է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: Նա հանդիպել է նախագահի, փոխվարչապետի, տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, էկոնոմիկայի փոխնախարարի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Wildberries միջազգային առցանց հարթակը Հայաստանում գործում է 2018 թվականից: Պատվերի տրամադրման կետերը բացվեցին 2021-ին, իսկ ուղիղ վաճառքը սկսվեց 2022-ի վերջին: 2023 թվականին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում: Դա տեղական բիզնեսին թույլ տվեց նվազեցնել լոգիստիկ ծախսն ու արագացնել պատվերի առաքումը հաճախորդին: Հայաստանի գնորդների համար այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում բացվել է Wildberries-ի պատվերի տրամադրման ավելի քան 270 կետ: Թվերն աճում են, բայց Տատյանա Բակալչուկի խոսքով պոտենցիալն անհամեմատ մեծ է: Ամենաշատը վաճառվում է սնունդ, կոշիկ, հագուստ եւ ներքնազգեստ: Հայաստանում այժմ գրանցված է 1 878 վաճառող, տարեսկզբի համեմատ աճել է 42 տոկոսով: Գրանցված գնորդները 415 հազար են երրորդը բոլոր երկրների շարքում:
Wildberries-ը Հայաստանում գործարկում է նոր նախագիծ` հիմնում է լոգիստիկ կենտրոն: Այն կարագացնի առաքումը եւ Հայաստանում, եւ Հայաստանից Ռուսաստան ու այլ երկրներ: Այդ թվում փոքր ձեռնարկատերերի համար, որոնք չունեն պահեստ եւ գործընկեր Ռուսաստանում: Տատյանա Բակալչուկը տեղյակ է, որ որոշ սննդամթերք Հայաստան չի առաքվում: Խնդիրը ոչ միայն լոգիստիկ է, այլեւ ստանդարտի եւ մի քանի այլ պահանջի հետ կապված: Կարծում է, որ խնդիրը կլուծվի կարճ ժամանակում:
Wildberries–ի հիմնադիրը վստահ է` ապագան օնլայն առեւտրինն է, քանի որ այդպես ավելի արագ է ու հեշտ: