Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են նույն մաքսային եւ տնտեսական գոտում, նշանակում է, որ երկրների միջեւ ապրանքների տեղաշարժն ազատ է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ամերիկյան եւ եվրոպական մեր գործընկերներին բացատրում ենք, որ հայկական ընկերությունների գործողությունները նպատակ չունեն ՀՀ-ն երկրորդային պատժամիջոցների տակ գցելու, այլ այդ գործողությունները բխում են մեր երկրի տնտեսական եւ աշխատանքային շահերից:
Մենք որեւէ կերպ չենք փորձում օժանդակել պատժամիջոցների շրջանցումը մեր ռուս գործընկերների կողմից»,- ասել է նախարարը:
Վահան Քերոբյանի խոսքով՝ հայկական կողմը փորձում է պահպանել թե ԵԱՏՄ պայմանագրի դրույթները, թե ապահովել, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ:
«Միաժամանակ, սա չի նշանակում՝ դա բացառված է, քանի որ արդեն կան որոշ ընկերություններ, որ ընկել են պատժամիջոցների տակ, բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային եւ այլ գործիքակազմով փորձում ենք ապահովել մեր երկրի ընկերությունների պատժամիջոցների տակ չընկնելն ու անվտանգությունը:
Մենք հետամուտ ենք մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելուն եւ դա կարողանում ենք պատշաճ բացատրել մեր գործընկերներին»,- ասել է Վահան Քերոբյանը: