Իռլանդացի եղբայրներ Պատրիկ եւ Ջոն Քոլիսոնների կողմից Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Stripe վճարային ընկերությունը ֆինանսավորման նոր փուլի շրջանակում $6,5 միլիարդ է ներգրավել,-գրում է Banks.am-ը։
Finextra.com-ի փոխանցմամբ՝ այս անգամ Stripe-ը գնահատվել է $50 միլիարդ, ինչը զգալիորեն ցածր է 2021 թվականի մարտի ցուցանիշից, երբ ընկերությունը գնահատվել էր $95 միլիարդ։
Հիմնական ներդրողների թվում են Stripe-ի գործող բաժնետերերը՝ Andreessen Horowitz-ը, Baillie Gifford-ը, Founders Fund-ը, General Catalyst-ը, MSD Partners-ը եւ Thrive Capital-ը, ինչպես նաեւ նոր ներդրողները, ներառյալ՝ GIC-ը, Goldman Sachs Asset and Wealth Management-ը եւ Temasek-ը:
«Բիզնես վարելու համար Stripe-ն այս կապիտալի կարիքը չունի»,- ընդգծել են ընկերությունում: Ավելի շուտ, ներգրավված միջոցները կօգտագործվեն ներկայիս եւ նախկին աշխատակիցներին իրացվելիություն տրամադրելու եւ հարկային պարտավորությունները կատարելու համար՝ կապված բաժնետոմսերի տեսքով պարգեւավճարների հետ։
«Վերջին 12 տարվա ընթացքում Stripe-ի ներկայիս եւ նախկին աշխատակիցներն օգնել են ստեղծել հիմնարար տնտեսական ենթակառուցվածք միլիոնավոր ընկերությունների համար ամբողջ աշխարհում, եւ այս գործարքը նրանց հնարավորություն է տալիս օգտվել այն արժեքից, որը նրանք օգնել են ստեղծել»,- ասել է Stripe-ի համահիմնադիր եւ նախագահ Ջոն Քոլիսոնը։
«Սակայն ինտերնետ տնտեսությունը դեռ երիտասարդ է, եւ առաջիկա 12 տարիների հնարավորությունները կգերազանցեն ոչ վաղ անցյալի հնարավորությունները: Այնքան շատ բան կա բացահայտելու եւ ստեղծելու համար: Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել»,- հավելել է նա: