«Գազպրոմի» արտահանումը դեպի ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ կրճատվել է գրեթե 40%-ով,- հայտնում է ընկերության Telegram ալիքը։ Նշվում է, որ ոչ ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է 84,8 մլրդ խմ։ Սա 38,8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընկերությունը հայտնել է, որ «Power of Siberia» գազատարով Չինաստան գազի արտահանումն աճել է, սակայն ստույգ թվեր չեն ներկայացրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական Uniper էներգետիկ կոնցեռնը դիտարկում է Ստոկհոլմի դատարանում «Գազպրոմի» դեմ արբիտրաժային վարույթ հարուցելու տարբերակը։ Վարույթի առարկա կարող է լինել «միլիարդավոր եվրոների փոխհատուցումը», որը կոնցեռնը կպահանջի ռուսական ընկերությունից։ Մինչ այդ, Uniper-ը գործընկերության պայմանագիր է կնքել ավստրալիական Woodside նավթագազային ընկերության հետ ՝ 2023 թվականից հեղուկ բնական գազ (LNG) Եվրոպա մատակարարելու համար։ Գործարքի շրջանակներում մատակարարվող վառելիքի ծավալը կկազմի տարեկան ավելի քան 0,8 մլն տոննա,- ասվում է գերմանական էներգետիկ կոնցեռնի կայքում։