Եվրոպական բանկերի եռամսյակային հաշվետվություններ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մայրաքաղաքում սպասվում են շինարարական և այլ տեսակի աշխատանքներ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
«Ռեալը» դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտով
Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցներ տնտեսական անկման 17%-ով
ՌԴ–ն արհեստականորեն կդանդաղեցնի YouTube–ի աշխատանքը 70%-ով
Էլեկտրոնային փաստաթղթերի գրանցման նոր հնարավորություններ Կադաստրի կոմիտեում․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Spotify-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել են 14,77%-ով՝ հասնելով 339,1 դոլարի
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Եղանակի տեսությունը հուլիսի 26-ին․ օդի ջերմաստիճանը կնվազի․ մանրամասները՝ ABnews.am կայքում
ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.28%-ով և կազմել 67,062.38 դոլար
30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից
515,430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում. ՆԳՆ խոսնակը հերքում է տարածել
2024թ․ 2-րդ եռամսայակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են
Կապի օպերատորների կողմից պետական բյուջե վճարված հարկերը նվազել են 7.1%-ով
2024թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Wildberries-ը վիրտուալ մոդելների վրա հագուստ «փորձելու» ծառայություն է փորձարկում
ԶՊՄԿ-ն կրկին առաջատար է․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Դոլարի ու ռուբլու փոխարժեքներն աճել են, ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 26/07/24

Ինչու է հերթական անգամ թանկացել բենզինը․ տնտեսագետն անդրադարձել է պատճառներին

Հկտ 6, 2023 11:50
187
ADS

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ բենզինի գնի բարձրացումը, եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, պայմանավորված է այն գործոններով, որոնք տեղի են ունենում վառելիքի ռուսաստանյան շուկայում, որտեղ տևական ժամանակ որոշակի դեֆիցիտային դրսևորումները հանգեցրել են գների բարձրացմանը, ինչն իր հերթին մասամբ պայմանավորված է նաև սպեկուլյատիվ բնույթի գործընթացներով։

Նշենք, որ Հայաստանում բենզինի գինը թանկացել է 40-50 դրամով։ Ըստ այդմ՝ լցակայաններում պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 580 դրամով, ռեգուլյարը՝ 550 դրամով, իսկ դիզելը՝ 570 դրամով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քթոյանը նշեց, որ էական հանգամանք է նաև այն, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրում նվազեցվել է դեմպֆերային վճարների ծավալը։ Դրանք այն սուբսիդիաներն են, որ կառավարությունը տրամադրում էր նավթավերամշակող ընկերություններին, որոնք նախընտրում են վառելիքը վաճառել Ռուսաստանի ներսում ավելի ցածր գնով։

«Եթե վառելիքը վաճառվում է երկրի ներսում սահմանված գնով, այդ դեպքում ընկերությունները կորցնում են այն շահույթը, որ կարող էին ստանալ դրսում վառելիք վաճառելուց։ Հաշվի առնելով տվյալ հանգամանքը՝ պետությունը որոշ չափով փոխհատուցում է տարբերությունը։ Քանի որ 2022 թվականին ՌԴ-ի պետբյուջեից այդ նպատակով արվել էին նշանակալի հատկացումներ, ավելի քան 4 տրիլիոն ռուբլի, այս տարի որոշվեց այդ պրակտիկան սահմանափակել և արդեն սեպտեմբերի 1-ից ծավալներն էապես կրճատվեցին, ինչ էլ բերեց կանխատեսելի արդյունքի»,- պարզաբանեց Քթոյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանում բերքահավաքի սեզոնով պայմանավորված եռուզեռն ու այլ գործոնները մի կողմից ավելացրին պահանջարկը վառելիքի շուկայում, բայց մյուս կողմից էլ առաջարկը չէր հասցնում պահանջարկի հետևից, ինչը հանգեցրեց գնաճի։ Հիմա բարձր գների պայմաններում հայաստանյան շուկայում, որի գլխավոր մատակարարը ռուսական ընկերություններն են, վերոհիշյալ գործընթացները չէին կարող աննկատ մնալ, ինչի արդյունքում ունեցանք բենզինի, դիզվառելիքի թանկացում։

«Սեպտեմբերի երկրորդ կեսից Ռուսաստանի կառավարությունը, որպես նման իրավիճակի լուծման միջոց, կիրառեց արգելանք արտահանման նկատմամբ՝ բացառությամբ որոշ սահմանափակումների, որոնց մեջ մտնում էին նաև ԵԱՏՄ երկրների շրջանակում պետական պայմանագրերով կատարվող մատակարարումները։ Այնուամենայնիվ, նշված պրոցեսները որոշակիորեն ազդեցին արտահանման ծավալների վրա և նույնպես նպաստեցին դրսում որոշակի դեֆիցիտի ձևավորմանը։ Ճիշտ է, Ռուսաստանում հնարավոր եղավ այդ դեֆիցիտը լրացնել, գները որոշակիորեն կայունացնել, բայց այս անգամ արդեն դրսի շուկաներում ի հայտ եկան մատակարարման հետ կապված սահմանափակումներ», — ասաց տնտեսագետը։

Քթոյանի խոսքով՝ վերը նշված բոլոր գործընթացները բերեցին նրան, որ մինչև դրամի վերջին օրերի արժեզրկումը հայաստանյան շուկայում բենզինն ու դիզվառելիքը նախորդ ամիսների համեմատ՝ զգալիորեն բարձր մակարդակի հասան։ Ըստ նրա՝ վերջին օրերի խուճապային տրամադրությունները, փոխարժեքի կտրուկ տատանումը դրամի արժեզրկման ուղղությամբ ստեղծեցին նոր ռիսկեր վառելիք վաճառողների համար։ Փոխարժեքի տատանումը ներմուծվող ապրանքների գների վրա ազդող էական գործոն է և հատկապես այնպիսի ապրանքի պարագայում, ինչպիսին բենզինն է կամ դիզվառելիքը, գնագոյացման մեջ փոխարժեքը զգալի դերակատարում ունի, հետևաբար դրամ-դոլար տատանումները նույնպես չէին կարող ազդեցություն չունենալ։

Տնտեսագետը կարծում է, որ իրավիճակն այսպես երկար չի շարունակվի, ու թեև վառելիքի գները չեն վերադառնա նախորդ տարվա մակարդակին, բայց վերջին օրերի թռիչքային աճն, այնուամենայնիվ, որոշակիորեն կկրճատվի։ Նրա համոզմամբ՝ այստեղ անելիք ունի նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

«Եթե վառելիքի մատակարար երկրի շուկայում տեղի են ունենում գործընթացներ, որոնք մի որոշ ժամանակահատված հետո կազդեն մեր շուկայական գների վրա, դրանց անմիջապես են այստեղ արձագանքում, նույնիսկ եթե իրացման խմբաքանակը նախապես ձեռք է բերվել ավելի ցածր գնով, այսինքն՝ ապագա մատակարարումների հետ կապված ռիսկերն են հիմա փորձում նվազեցնել։ Այստեղ էլի մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անելիք ունի։ Ինչ վերաբերում է հարցին, թե վառելիքի հայաստանյան շուկայի մասնակիցները բարձրացնում են գները թույլատրվածից ավելի շատ, ապա այստեղ կրկին առաջ է գալիս մրցակցության ակտիվացման հանգամանքը», — ասաց Քթոյանը։

Նրա դիտարկմամբ՝ թեև շուկայում ի հայտ են եկել նոր խաղացողներ, այդուհանդերձ, գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտները շարունակում են պահպանել իրենց դիրքը, ուստի տեսականորեն չի կարելի բացառել նրանց միջև համաձայնությունների կնքման հնարավորությունը։ Սակայն այս դեպքում թե՛ գործիքների, թե՛ իրավական լիազորությունների առումով պրոցեսի վրա ազդելու, ամբողջական մոնիթորինգ անելու և վճիռներ կայացնելու հնարավորություն ունի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Անդրադառնալով այն հարցին, որ դրամ-դոլար տատանումներն արդյո՞ք արհեստական հիմք չունեն և պետական բյուջեն այդ կերպ լցնելու նպատակ չեն հետապնդում, Քթոյանն ասաց, որ տվյալ հիպոթեզն ամրագրող որևէ փաստ այս պահի դրությամբ իրեն հայտնի չէ։

«Եթե կառավարության քայլերը բերեին այս իրավիճակին, ուրեմն պետք է ունենայինք ԿԲ-ի կողմից շուկայում արտարժույթը հավաքելու գործընթաց, որպեսզի առաջանար արհեստական դեֆիցիտ։ Ըստ էության, փոխարժեքի տատանումը, կոնկրետ մեր դեպքում դրամի արժեզրկումը դոլարի ու եվրոյի նկատմամբ, նշանակում է, որ պահանջարկը շատ ավելին է, քան առաջարկը։ Եթե ասում են, թե պետությունն է սուբյեկտիվորեն միջամտել նման իրավիճակի ստեղծմանը, ապա այդ դեպքում կամ պետությունը պետք է հանգեցներ ինչ-որ կերպ պահանջարկի ավելացմանը կամ առաջարկի կրճատմանը։ Երկուսն էլ հնարավոր չէ աննկատ անել։ ԿԲ-ն, օրինակ, ինտերվենցիա արեց և լրացուցիչ առաջարկ ներարկեց արտարժույթի շուկայում, որի արդյունքում ազգային արժույթի փոխարժեքի կայունացում եղավ։ Դա արդեն տեսանելի է։ Ի վերջո, շատ է խոսվում հոգեբանական գործոնի, խուճապային դրսևորումների մասին, որոնց ականատես եղանք այս օրերին», — եզրափակեց տնտեսագետը։

Մեկնաբանություն