Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Քողարկված անկում. Ինչո՞վ է ապրում Հայաստանի տնտեսությունը

Սպտ 30, 2024 15:14
55

Հայաստանի տնտեսական աճի վերլուծություն

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝ 2022 թվականին հասնելով 12.6%-ի: Սակայն այս թվերի հետևում թաքնված են մի շարք մտահոգիչ միտումներ, որոնք կասկածի տակ են դնում այս աճի կայունությունը և երկարաժամկետ հեռանկարները:

Տնտեսական աճի պատրանքը

Գծապատկեր 1.

Առաջին գծապատկերը ցույց է տալիս Հայաստանի տնտեսական աճի դինամիկան վերջին տարիներին: Թեև վերջին տարիներին աճի տեմպերը տպավորիչ են եղել, կարևոր է նշել, որ Հայաստանի երկարաժամկետ միջին աճը կազմում է 4.5%: Ցանկացած համակարգ ձգտում է վերադառնալ իր միջին արժեքին, եթե չկան հիմնարար որակական փոփոխություններ: Որակական փոփոխություններ կարող է ապահովել արտադրության զարգացումը, որը կարող է երաշխավորել երկարաժամկետ կայուն ավելացված արժեքի ստեղծում: Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին միտումներով, որոնք հիմնականում ունեն կարճաժամկետ բնույթ:

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի համար սահմանել է 5.6% աճի թիրախ, ինչը զգալիորեն ցածր է նախկինում սահմանված 7% երկարաժամկետ նպատակից: Սակայն նույնիսկ այս 5.6% թիրախը կարող է չափազանց լավատեսական լինել՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության կառուցվածքային խնդիրները (Կարդացեք ավելին՝  Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները)։ Հայաստանի ՀՆԱ-ի ողջամիտ միջին-երկարաժամկետ աճի ներուժը միջինում գնահատվում է մոտ 4.5 տոկոս: Հենց այս թվին կձգտի մեր տնտեսությունը, եթե համակարգը որակական փոփոխությունների չենթարկվի:

Աճի շարժիչ ուժերի վերլուծություն

Գծապատկեր 2.

Երկրորդ գծապատկերն արտացոլում է Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքը ըստ տնտեսության ճյուղերի: Ակնհայտ է, որ վերջին տարիներին տեղի է ունեցել զգալի փոփոխություն՝ գյուղատնտեսության դերի նվազմամբ և ծառայությունների ոլորտի աճով: 2018 թվականին գյուղատնտեսությունն առաջին տեղում էր՝ ապահովելով տնտեսության 16.4 տոկոսը, իսկ այս պահին այն իջել է 4-րդ հորիզոնական՝ ապահովելով տնտեսության ընդամենը 9.0 տոկոսը:

Գծապատկեր 3.

Երրորդ գծապատկերը ցույց է տալիս տնտեսության տարբեր ճյուղերի գումարային աճի տեմպերը 2018-2023 թվականներին: Հատկանշական է, որ գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով, մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների ոլորտները գրանցել են զգալի աճ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել  Ռուսաստանից կապիտալի մեծ քանակության և  ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքով:

Արտաքին գործոնների դերը

Հայաստանի տնտեսական աճը վերջին տարիներին մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով:

2022 թվականին Ռուսաստանից զգալի կապիտալի ներհոսք եղավ՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Տնտեսության 80 տոկոս աճը պայմանավորված է էկզոգեն գործոններով (Կարդացեք ավելին՝  Կապիտալի ներհոսքից մինչև արտահոսք. Հայաստանի տնտեսական հրաշքի ներքին խոհանոցը):

2023 թվականի նոյեմբերից սկսած՝ խոշորածավալ ոսկու վերաարտահանումը բարձրացրեց աճի ցուցանիշները: Ոսկու վերաարտահանումն այսօր հասել է Հայաստանից ողջ արտահանման 71%-ի, որը և ապահովել է վերջին ամիսների տնտեսական աճը (Կարդացեք ավելին՝ Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան)

Աճը հիմնականում ապահովվում է առևտրի, անշարժ գույքի և ֆինանսական ծառայությունների կողմից, որոնք կախված են արտաքին գործոններից: Այս գործոնները, թեև կարճաժամկետ խթան են հանդիսանում, չեն ներկայացնում կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի շարժիչ ուժեր:

Վիճակագրության վերանայում և իրական պատկերը

Հատկանշական է, որ 2023 թվականի օգոստոսին Վիճակագրական կոմիտեն վերանայել է տնտեսական աճի ցուցանիշները: Առաջին եռամսյակի 9.2% աճը վերանայվել է՝ հասնելով 6.6%-ի: Նմանապես, 2023 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշը ճշգրտվել է 7.7%-ից մինչև 6.4%: Սա ոչ թե մանր ճշգրտում է, այլ Հայաստանի տնտեսական իրականության արմատական վերագնահատում:

Հարկաբյուջետային հետևանքները

Տնտեսական աճի կայունության հետ կապված խնդիրները ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի հարկաբյուջետային իրավիճակի վրա:

Ներկայումս առկա է հարկային եկամուտների զգալի՝ 9% թերհավաքագրում: Հարկային ապառքները առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են մոտ 9 տոկոս. նախատեսվում էր հավաքել 1 տրիլիոն 305 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, սակայն մասհանումները կազմել են ընդամենը 1 տրիլիոն 187.6 մլրդ դրամ կամ նախատեսվածից 117.4 մլրդ դրամով պակաս (Կարդացեք ավելին՝ Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ))։

Քննարկվում են պահուստային ֆոնդից մոտ 150 միլիարդ դրամ օգտագործելու պլաններ՝ եկամուտների պակասի պայմաններում ծախսերը ծածկելու համար:

Գծապատկեր 4.

Վերջին գծապատկերը ցույց է տալիս Հայաստանի տնտեսական աճին նպաստող գործոնները ըստ եռամսյակների: Ակնհայտ է, որ աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով և ժամանակավոր երևույթներով:

2024 թվականի կանխատեսումներ

Նշենք, որ 2024 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճն արդեն իսկ կարող է 5% կամ ավելի ցածր լինել: Սա զգալիորեն ցածր է կառավարության կողմից հաստատված բյուջեում ամրագրված 7% ցուցանիշից:

Եթե իշխանությունները չկարողանան ապահովել ընթացիկ տարվա բյուջեով ամրագրված 7% ՀՆԱ, ապա դա կհանգեցնի նրան, որ կառավարությունը ստիպված կլինի պահուստային ֆոնդից միջոցներ ծախսել բյուջեի ծախսային հոդվածների կատարումն ապահովելու համար:

Եզրակացություն

ՀՆԱ-ի վերջին վերանայումները և ճյուղային վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ներկայացնում Հայաստանի տնտեսական ապագայի համար: Արտաքին գործոններից Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը և ոսկու վերաարտահանման նման գործունեությունից ժամանակավոր խթանները ցույց են տալիս, որ առանց էական կառուցվածքային փոփոխությունների, բարձր աճի տեմպերի պահպանումը դժվար կլինի: Չի կարելի անտեսել առաջիկա տարիներին պետական պարտքի աճի և հնարավոր հարկաբյուջետային անկայունության ռիսկը:

Ներկայիս դրությամբ, ՀՆԱ աճի երկարաժամկետ կանխատեսումները այս պահին դրական չեն: Առանց կայուն, երկարաժամկետ ավելացված արժեքի աճի ամուր հիմքի, Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական պատրանքների հետապնդման մեջ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն: Առաջիկա ամիսները և տարիները վճռորոշ կլինեն որոշելու, թե արդյոք երկիրը կկարողանա ուղղություն վերցնել դեպի ավելի կայուն տնտեսական ռազմավարություններ, թե կշարունակի հենվել անկայուն և ժամանակավոր աճի գործոնների վրա:

tvyal.com