Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարարին
Առաջարկվել է անցկացնել Հարիս-Թրամփ բանավեճի երկրորդ փուլ
Բենզալցակայանների ու գազալցակայանների՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.6 մլրդ դրամ
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվում են հեծանիվներ
Trump Media-ի բաժնետոմսերի արժեքը Թրամփ-Հարիս բանավեճից հետո ընկել է 17%-ով
Huawei-ն ներկայացրել է աշխարհում առաջին կրկնակի ծալվող սմարթֆոնը
Կասեցվել է մարինացված պահածոների արտադրամասի գործունեությունը
Volkswagen-ը խորը ճգնաժամ է կանխատեսել ողջ գերմանական ավտոարդյունաբերության համար
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
2024 թվականի օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1.3%-ով․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Samsung-ն ամբողջ աշխարհում կկրճատի աշխատողների թիվը. Reuters
«Արսենալը» 38 տարվա մեջ առաջին անգամ արտագնա մարզաշապիկով կխաղա «Տոտենհեմի» հետ դերբիում
Թրամփին աջակցող Մասկը խոստովանում է՝ վերջին դեբատում Հարիսն ուժեղ էր
Հայաստանի տնտեսական աճը գերազանցում է պոտենցիալը. ԿԲ․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Վրաստանում նախատեսել են մեկ տարում կառուցել 16 հիդրոէլեկտրակայան
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը»
Հայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը
Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի և Ասիայի միջև. ալբանացի փոխնախարար

Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը

Սպտ 2, 2024 14:08
32
ADS

Հայաստանի տնտեսությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման աննախադեպ աճ, սակայն իրականությունն այլ է:

Առաջին հայացքից Հայաստանի արտահանման ցուցանիշները ապշեցուցիչ են: 2024 թվականի առաջին կիսամյակում երկրի արտահանումը հասել է 7.9 միլիարդ դոլարի՝ ավելի քան կրկնապատկելով 2023 թվականի նույն ժամանակահատվածի 3.4 միլիարդ դոլարը: Սովորաբար նման կտրուկ աճը կնշանակեր, որ տնտեսությունը լիակատար թափով առաջ է շարժվում: Սակայն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է ոչ այնքան դրական իրականություն:

Գծապատկեր 1.

Առաջին գծապատկերը պատկերում է արտահանման կտրուկ փոփոխությունը: Գծապատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի արտահանումը դեպի Միջին Արևելք սրընթաց կտրուկ աճել է՝ գերազանցելով նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) արտահանումը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա տնտեսական դիվերսիֆիկացման հաջողություն է, սակայն իրականությունն այլ է:

Առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանի արտահանման առյուծի բաժինը՝ ապշեցուցիչ 71%-ը, բաժին է ընկնում մեկ ապրանքատեսակի՝ թանկարժեք մետաղներին և քարերին, որի մեջ գերակշռում է ոսկին: Սակայն Հայաստանը չի ապրում ժամանակակից ոսկու տենդ: Փոխարենը, այն դարձել է Ռուսաստանի ոսկու առևտրի կարևոր հանգույց: 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի ոսկու արտահանման 88%-ն անցել է Հայաստանով: Կարդալ ավելին՝ 🇷🇺🇦🇲 Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան:

Այս երևույթը վերաարտահանման տիպիկ դեպք է, և այն արմատապես փոխել է Հայաստանի առևտրային պատկերը: Մերձավոր Արևելքը` հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, հանկարծակի դարձել են Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը՝ կազմելով 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր արտահանման գրեթե կեսը (48.2%): Սա հսկայական տեղաշարժ է ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ, երբ ԵԱՏՄ-ն և Եվրոպական Միությունը հիմնական առևտրային գործընկերներն էին:

Աղյուսակ 1.

Ներկայացված աղյուսակը ցույց է տալիս առևտրային հոսքերի կտրուկ փոփոխությունները: ԵՄ արտահանման չափաբաժինը նվազել է 2021 թվականի 21%-ից մինչև ընդամենը 3.6%։ 2024 թվականի առաջին կիսամյակում ԵՄ արտահանումը նվազել է 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 25.1%-ով: Սա պարզապես չափաբաժինների փոփոխություն չէ, այլ հայեցակարգային փոփոխություն, որն ունի հեռուն գնացող հետևանքներ:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի ավանդական արտահանման հետ: Նշենք, որ մենք գնահատել ենք Հայաստանի իրական վերաարտահանման ծավալները՝ օգտագործելով նոր մեթոդաբանություն, որը մանրամասն ներկայացված է  Ոսկու տենդ. Հայաստանի արտահանման կեսը վերաարտահանում է հոդվածում: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի «իրական» արտահանումը փաստացի նվազել է: Ըստ մեր գնահատականի՝ 2024 թվականին արտահանման մոտ 75%-ն արդեն վերաարտահանում է, համեմատած 2021 թվականի հետ, երբ այս ցուցանիշը 6% էր: 

Փաստացի 2024 թվականի առաջին կիսամյակում` առանց վերաարտահանման, իրական արտահանումը կազմել է մոտ 3.2 միլիարդ դոլար, ինչը հազիվ է գերազանցում 2021 թվականի 2.8 միլիարդ դոլարը: Արտահանման թվերը ներառում են նաև վերաարտահանումը։ Այսպես, արտահանումը 2021 թվականի 3 մլրդ ցուցանիշից արդեն իսկ ուռճացվել է մինչև 13 մլրդ դոլարի։ Այսինքն՝ 4.3 անգամ առաջին հայացքից տպավորիչ ուռճացված աճ՝ այս պահին ի հաշիվ ոսկու վերաարտահանման։

Գծապատկեր 2.

Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս սթափեցնող պատկեր: Մինչ ԱՄԷ և Հոնկոնգ արտահանումը (հիմնականում ոսկի) կտրուկ աճում է, այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան արտահանումը նվազում է: Այս «ոսկու տենդը» քողարկում է Հայաստանի իրական տնտեսության, առևտրաշրջանառության և ՀՆԱ անկումը։ Այն ուռճացրել է ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ստեղծելով տնտեսական աճի պատրանք այնտեղ, որտեղ աճը փոքր է: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կառավարությունը հպարտացել էր տպավորիչ 9.2% ՀՆԱ-ի աճով: 

Մեր գնահատականները ցույց տվեցին, որ այս աճի ցնցող 4%-ը պայմանավորված էր միայն ոսկու վերաարտահանման «արդյունաբերությամբ» (կարդացեք ավելին՝ Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները): Այս հրապարակումն անելուց հետո հոկտեմբերի 20-ին այս թիվը վերանայվեց՝ հասնելով 6.6%-ի: Հիմնական վերանայումը եղավ ոսկու վերաարտահանման «արտադրության» իջեցումը ՀՆԱ-ում` 4 տոկոսային կետից մինչև 1.2 տոկոսային կետ: Սա պարզապես վերանայում չէ, այլ հայեցակարգային փոփոխություն: Թվացյալ աճի միտումից Հայաստանն այժմ գտնվում է լճացման ուղղու վրա:

Գծապատկեր 3.

Երրորդ գծապատկերը ցույց է տալիս ոչ դրական կանխատեսում: Մինչ ընդհանուր արտահանումը թվացյալ սլանում է վեր, թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման հաշվին (ԱՏԳ ԱԱ 71), այլ բոլոր ապրանքների արտահանման կտրվածքով առկա է անկում: Այս տարբերությունը Հայաստանի ներկայիս տնտեսական պատրանքի իրականությունն է: Գծապատկերում կարմիր և կապույտ գծերի միջև մակերեսն արտացոլում է թանկարժեք քարերի և մետաղների մասնաբաժինն ընդհանուր արտահանման մեջ:

Այս ոսկե շահույթի կայունությունը լավագույն դեպքում կասկածելի է: Հայաստանի միջոցով ոսկու վերաարտահանման աճը մեծապես պայմանավորված է աշխարհաքաղաքական հանգամանքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներով: Սա ժամանակավոր երևույթ է և պայմանավորված է համաշխարհային տնտեսական իրողություններով, որոնք արդեն իսկ փոխվում են:

Գծապատկեր 4.

Այս գծապատկերը ցույց է տալիս թանկարժեք մետաղների արտահանման և ներմուծման կտրուկ աճը 2023-ի նոյեմբերից մինչև 2024-ի ապրիլը: Ուշադրություն դարձրեք վերջին երկու ամիսներին, որը կարող է լինել Հայաստանի «ոսկե դարաշրջանի» ավարտի նախանշան:

Գծապատկերից երևում է, որ միայն 2024 թվականի ապրիլին 2 մլրդ դոլարի ոսկի է ներմուծվել Ռուսաստանից Հայաստան, որից հետո այն կտրուկ անկում է ապրել։ Մայիս ամսին ներմուծվել է 471 մլն դոլարի ոսկի։ Մայիս/ապրիլ թանկարժեք քարերի և մետաղների ներմուծումն ընկել է 4.3 անգամ։

Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացվեց ոսկու արտահանման մաքսատուրքը, որի ներդրումից հետո ՌԴ ոսկու արտահանման 88%-ն անցավ Հայաստանով։ Ոսկու տարանցիկ հոսքն արդեն իսկ նվազում է: Վերջին ամիսներում Հայաստանի արտահանման և ՀՆԱ-ի աճը հիմնված էր այս արտաքին, ժամանակավոր և արհեստական երևույթի վրա, որը տնտեսությունը դնում է խիստ անկայուն վիճակի մեջ: Այն քողարկում է իրական տնտեսության անկումը և շեղում ուշադրությունն իրական տնտեսական իրավիճակից և տնտեսական փոփոխությունների անհրաժեշտությունից:

Մինչ Հայաստանը հեծել է այս ոսկե ալիքը, անտեսվում է կայուն, բարձր ավելացված արժեք ունեցող ճյուղերի զարգացումը, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ տնտեսական կայունություն: ԵԱՏՄ և ԵՄ-ի ավանդական շուկաներ արտահանման անկումը հատկապես մտահոգիչ է, քանի որ այն կարող է վկայել մրցունակության կորստի մասին այն ոլորտներում, որոնք նախկինում Հայաստանի տնտեսության հենասյուներն էին:

Մոտակա ամիսները վճռորոշ կլինեն, քանի որ ոսկու վերաարտահանման սրընթաց աճն արդեն մարում է, Հայաստանը կարող է հայտնվել դաժան տնտեսական իրականության առջև: Տնտեսության իրական վիճակը, որը մինչ այժմ թաքնված էր ոսկու փայլի հետևում, կդառնա ավելի ակնհայտ:

Անհրաժեշտ է հայացքը բևեռել այս «ոսկե դարաշրջանից» այն կողմ և սկսել կառուցել իրական արտադրական հիմք ունեցող, երկարաժամկետ և կայուն ավելացված արժեք ստեղծող տնտեսություն, որը հիմնված չի լինի ժամանակավոր և ոչ կայուն արտաքին ազդակների վրա, որոնք և հիմնականում ապահովել են Հայաստանի ժամանակավոր երկնիշ տնտեսական աճը։ Անհրաժեշտ է կառուցել դիմացկուն տնտեսություն, որը ներառում է ներդրումներ կրթության մեջ, նորարարության խթանում և բարձր արժեք ունեցող ճյուղերի աճի համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ինչպես նաև արդյունավետ հարկային դաշտի ձևավորում:

Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կանգնած է կարևոր խաչմերուկի առջև: Հայաստանի «ոսկե պատրանքը» զգուշացնող օրինակ է ծառայում զարգացող տնտեսությունների համար: Այն ընդգծում է ժամանակավոր շահույթների վրա հենվելու վտանգը և ամուր, բազմազանեցված տնտեսական հիմք ստեղծելու կարևորությունը: Ոսկու տենդից ապաքինվելուն զուգընթաց, Հայաստանի իրական տնտեսական ուժը կենթարկվի փորձության: Հարցը մնում է բաց. երբ ոսկու փոշին նստի, ի՞նչը կշարունակի փայլել Հայաստանի տնտեսությունում:

Աղբյուր՝ tvyal.com

Մեկնաբանություն