Տավուշի մարզում 2021 թվականի ընթացքում բացահայտված հանցագործության դեպքերի թիվն աճել է շուրջ 10 տոկոսով: Նշված վիճակագրական տվյալը խոսում է դատախազության և մյուս իրավապահ կառույցների արդյունավետ և փոխհամաձայնեցված աշխատանքի մասին, քանի որ միասնական ջանքերի և աշխատանքի շնորհիվ միայն կարելի է հասնել ցանակալի արդյունքի: Թեև այս ցուցանիշը խոսում է դրական միտումների մասին, բայց մեզ չի բավարարում, և մեր առջև ավելի հավակնոտ նպատակներ ենք դնում ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ու, թերևս, առաջին հերթին դրանց կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի դատախազ Գոռ Ալոյանը:
— Պարոն Ալոյան, 2021 թվականին Տավուշի մարզում հանցագործության քանի՞ դեպք է գրանցվել, ո՞ր տեսակի հանցագործություններն են ավելի շատ եղել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ և ինչպե՞ս եք գնահատում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:
— 2021 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 1021 դեպք, նախորդ տարվա 960-ի դիմաց: Աճը կազմել է 6,4 տոկոս:
Աճ է արձանագրվել միջին ծանրության հանցագործությունների մասով՝ 12.3 տոկոսով, ծանր հանցագործությունների մասով՝ 30 տոկոսով: Փոխարենը առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 40 տոկոսով:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, պետական իշխանության, ծառայության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, իսկ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են:
Շատ փոքր չափով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 66.4 տոկոս, ինչն իհարկե, բավարար համարել չի կարելի:
Առանձին հանցատեսակներով քանակական նվազումը մեծապես կախված է կանխարգելիչ և հակազդող միջոցառումներից, իսկ դրանց բացահայտումը՝ վարույթների շրջանակներում իրականացվող քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունավետությունից: Բոլոր ուղղություններով դատախազությունն իրականացնում է պատշաճ հսկողություն: Դատախազական ներգործության բոլոր միջոցներով նպաստել և նպաստում ենք հանցագործությունների արագ բացահայտմանը, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունների կատարմանը:
Մեծ ուշադրություն է դարձվում հանցագործությունները ծնող պատճառների վերացմանը: 2021 թվականին մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին, մասնավորապես՝ Տավուշի մարզպետին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահին, «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրենին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենին ուղարկվել է 11 միջնորդագիր: Դրանց քննարկման արդյունքում 3 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, ընդ որում՝ նրանցից 2-ն ազատվել է աշխատանքից: Նշված ժամանակահատվածում դատախազների կողմից ներկայացվել են նաև 42 հաղորդում, որոնք ստացել են համապատասխան ընթացք:
Հանցագործությունների լիարժեք և ամենակարևորը՝ օբյեկտիվ բացահայտման առումով չափազանց կարևոր է նաև քրեական գործերով քննությունների բազմակողմանիության, լրիվության, մեծ հաշվով՝ որակի ապահովումը: Դրանց համար դատախազությունը պատասխանատու է վարույթների օրինականության ստուգման իր սահմանադրական լիազորության շրջանակներում: Մարզի դատախազության դատախազների կողմից 2021 թվականի ընթացքում քրեական գործերով քննիչներին տրվել են կոնկրետ դատավարական, քննչական գործողությունների մատնանշմամբ 90 գրավոր ցուցում, որոնցից որևէ մեկով առարկություն չի ներկայացվել:Միևնույն ժամանակ, քրեական գործերով հանցագործության բացահայտման աշխատանքներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելուն, նաև քննչական մարմնի հետ համագործակցելուն ուղղված 213 հանձնարարություն տրվել է Ոստիկանութանը: Որոշ դեպքերում՝ կոպիտ թերացումների արձանագրման դեպքում կիրառվել են նաև դատախազական ներգործության առավել խիստ միջոցներ: Օրինակ՝ 2021 թվականին կայացվել է նախաքննություն իրականացնող անձին վարույթից հեռացնելու 30 որոշում: Բացի այդ, ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 18 միջնորդություն, որոնց արդյունքում մի շարք անձինք ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի:
Պետք է նկատի ունենալ, որ հանցագործության դեպքերի, վարույթների աճը հանգեցնում է նաև դատախազների ծանրաբեռնվածության մեծացման: Օրինակ 2021 թ. մարզի դատախազության դատախազները հսկողություն են իրականացրել 2149 նյութերի նախապատրաստման նկատմամբ, որը շուրջ 5 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ, ինչպես նաև 884 քրեական գործերով քննությունների նկատմամբ, որը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով: Բացի այդ, դատախազները հաստատել և մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկել 2020 թ. համեմատ շուրջ 17 տոկոսով ավելի՝ ընդհանուր թվով 208 գործ: Այս պայմաններում ավելորդ չեմ համարում նշել, նաև, որ դատախազության համար առաջնային խնդիր է եղել և մնում բոլոր դեպքերին ճիշտ իրավական գնահատականներ տալը, հիմքերի, փաստական տվյալների համադրմամբ ինքնին այդ դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության ապահովումը: Օրինակ, մարզի դատախազության դատախազները 2021 թ. ընթացքում վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 8-ական որոշում, ինչպես նաև վարույթը կասեցնելու մասին 6 որոշում:
-Մարզում կոռոպցիայի դեմ պայքարի ոլորտում ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ինչ ակնառու դեպքեր կարող եք նշել, որոնք բացահայտվել են մարզի իրավապահ մարմինների ջանքելով:
— 2021 թվականի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 26 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42 դեպքի դիմաց: Այսինքն արձանագրվել է նվազում` 16 դեպքով կամ 38 տոկոսով:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նվազման պատճառն այդ երևույթի դեմ անզիջում պայքարն է, ինչպես նաև արդեն իսկ քննված քրեական գործերով արձանագրված խնդիրների մասին բարձրաձայնումը՝ համապատասխան միջնորդագրերի և հաղորդումների տեսքով, որոնք դատախազների կողմից ներկայացվում են պատկան մարմիններին:
Արձանագրվել են պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով յուրացնելու կամ վատնելու 15 դեպք, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1 դեպք, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 7 դեպք, կաշառք ստանալու 1, ընտրողին կաշառք տալու վերաբերյալ՝ 2 դեպք:
Պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով յուրացնելու կամ վատնելու դեպքերը հիմնականում վերաբերվում են ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ղեկավարման ներքո գտնվող հիմնարկներում աշխատակիցներ գրանցելուն և նրանց աշխատանքի չհաճախելու և փաստացի աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրանց աշխատավարձի գումար տալուն կամ այդ գումարը յուրացնելուն:
Առաջարկվել է նշված հիմնարկների վերադասներին կամ դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող գերատեսչություններին պատշաճ հսկողություն և հետևողականություն իրականացնել, ինչը կբացառի կամ առնվազն կնվազեցնի այդ դեպքերը:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերի մեծամասնությունը վերաբերում է համայնքային հողերի կամ շենք շինությունների օտարման ընթացքում թույլ տրված չարաշահումներին:
Որպես լուծում՝ առաջարկվել է գույքի օտարման գործընթացի նկատմամբ ուժեղացնել հսկողությունը, տեսագրել մրցույթների և աճուրդների ընթացքը, իսկ օտարվող գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունները նախապես ստուգել:
Կաշառքի դեպքը վերաբերել է ընտրությունների ընթացքում կուսակցության համակրի կողմից ընտրակաշառք տալուն:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման հիմնախնդիրներից է նախկին տարիներին դրանց մեծ մասի կատարված լինելու հանգամանքը, այդ գործերի բարդ և ծավալուն լինելը: Դատախազների կողմից կոռուպցիոն բնույթի բոլոր գործերով դատախազական ներգործության միջոցներ են կիրառվել, տրվել են ցուցումներ, քննիչները վարույթից հեռացվել են, ներկայացվել են ծառայողական քննություններ իրականացնելու միջնորդություններ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերից 5-ը՝ 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակցությամբ, ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 17.315.602, որից վերականգնվել է 1.098.819 ՀՀ դրամը, մնացած մասով ներկայացվել են քաղաքացիական հայցեր:
-Տավուշի մարզը հանրապետության ամենամեծ անտառաշերտ ունեցող տարածաշրջաններից է: Ի՞նչ պատկեր է արձանագրվել ապօրինի անտառահատումների, այս ոլորտում պաշտոնեական հացնագործությունների դեմ պայքարի ոլորտում, բնությանը կամ պետությանը պատճառված որքա՞ն վնաս և վերականգնում է արձանագրվել և կոնկրետ դատախազությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել այս ուղղությամբ:
-Իսկապես անտառների պաշտպանությունը մարզում առաջնային խնդիր է: 2021թ. ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել են ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու 382 դեպք: Ի դեպ, 2020թ. համեմատությամբ նման դեպքերը նվազել են 24 տոկոսով կամ 120 դեպքով:
Սա իսկապես ուրախալի փաստ է և վկայում է այն մասին, որ դատախազության, իրավապահ մյուս մարմինների, ինչպես նաև անտառների պահպանության համար պատասխանատու պետական այլ մարմինների կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարում դրսևորվող հետևողականությունն արդյունք է տալիս: Նվազումը պայմանավորված է մի կողմից դատախազական հսկողության ներքո իրականացվող քրեական վարույթների արդյունավետությամբ և բոլոր դեպքերում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու հետևողականությամբ, մյուս կողմից՝ ոստիկանության կանխարգելիչ աշխատանքներով, անտառատեղամասերի մուտք ու ելքի ճանապարհահատածներում, մայրուղիներում իրականացվող ուժեղացված հսկողությամբ: Պետք է նշեմ, որ դատախազությունը մյուս մարմինների զգոնությունը չթուլացնելու, յուրաքանչյուր դեպքին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով պարբերաբար միջնորդագրեր և հաղորդումներ է ներկայացնում: Դրանց քննարկման արդյունքներով մի շարք պաշտոնատար անձինք ազատվել են աշխատանքից:
2021 թվականին Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված և վարույթն ավարված քրեական գործերով ապօրինի անտառահատումներով պետությանը պատճառված վնասը կազմել է 21.168.760 ՀՀ դրամ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 6.227.410 ՀՀ դրամ գումար, մնացած մասով ներկայացվել են քաղաքացիական հայցեր:
—Պարոն Ալոյան, հանրության մոտ կարծիք կա ձևավորված, որ դատախազությունը պատժող մարմին է: Կոնկրետ մարզի կտրվածքով որքանո՞վ է դատախազությունը հետամուտ եղել քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, օրինակ, քրեական գործերի շրջանակներում: Ինչ՞ գործիքակազմ ունեք այս առումով և որքանով է կիրառվել: Օրինակ՝ ունեցել ե՞ք դեպքեր, երբ մարզի դատախազության նախաձեռնությամբ պատասխանատվության ենթարկված լինեն քրեական վարույթների շրջանակներում դատավարության մասնակիցների իրավունքները կոպտորեն խախտած պաշտոնատար անձինք:
— Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից յուրաքանչյուր ամիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Դիլիջանի, Իջևանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններում ստուգվել են կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարման վիճակը: Ստուգվել են դիմումների հիման վրա ձեռնարկված միջոցառումները: Պարբերաբար՝ կախված գործի բնույթից և դեպքի հանգամանքներից, կազմապերպվել է քաղքացիների ընդունելություն, նրանց հուզող հարցերին տրվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ:
Գործող քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` դատախազն իրավասու է հարուցելու քրեական գործ ընտանիքում բռնության դեպքերում, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է սահմանված ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
Այս գործիքակազմի նպատակը հենց տուժողների իրավունքների պաշտպանությունն է այն դեպքերում, երբ նրան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները:
Բացի այդ, նախկինում գործող արագացված դատաքննության կարգի կիրառման դեպքերում հաշվի է առնվում տուժողի դիրքորոշումը, ինչի վերաբերյալ կարգավորումները պահպանվել են նաև համաձայնեցման վարույթի կիրառման դեպքում:
Կարևոր ուղղություն է հենց մինչդատական վարույթում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը: 2021թ. ընթացքում, օրինակ, դատախազների որոշումներով 4 քրեական գործով 4 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է: 2 դեպքում քրեական գործերի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, 1 դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն անձն արդարացվել է, իսկ մեկ այլ քրեական գործով ընտրվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ինչ վերաբերվում է քրեական վարույթների շրջանակներում դատավարության մասնակիցների իրավունքները կոպտորեն խախտած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուն, ապա ծառայողական քննություններ անցկացնելու միջնորդությունների մի մասը հենց այդ խախտումներին է վերաբերվել:
Առանձին դեպքեր ենք ունենում, երբ դատախազները նախաքննության կամ հետաքննության մարմինների որոշումները վերացնում են դատավարության մասնակիցների կողմից ստացվող բողոքների քննարկման արդյունքում, երբ պարզվում են օբյեկտիվ այնպիսի հանգամանքներ, որոնք փաստում են արարքները սխալ որակված լինելու կամ քննությունները ոչ լիարժեք իրականացված լինելու մասին: Սրանք ևս մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում են:
—Ինչպիսի՞ն է խափանման միջոց կալանքի պրակտիկան մարզում քննվող գործերով: Որպես մարզի դատախազ, որքանո՞վ եք բավարարված դատարան ներկայացվող կալանքի միջնոդորդությունների հիմնավորվածության առումով և եղել ե՞ն դեպքեր, երբ դատախազները նման միջնորդությունները հետ վերցնեն դատարանից կամ իրենք կալանքից ազատելու որոշումներ ընդունեն: Եթե եղել են, ապա ի՞նչն եք հաշվի առել:
— Քրեական գործերով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչների կողմից 2021թ. դատարան է ներկայացվել 31 միջնորդություն, որից 25-ը լրիվ բավարարվել է, 6-ը՝ մերժվել է այլ խափանման միջոցի ընտրման պայմաններում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության պատճառաբանությամբ: Մերժման որոշումներից 6-ի դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Նաև՝ քրեական գործերով կալանքի ժամկետը երկարացնելու 25 միջնորդություն է ներկայացվել դատարան, դրանցից 20 բավարարվել է, 5-ը՝ մերժվել:
Ինչպես արդեն նշեցի, ուենցել ենք 4 դեպք, երբ դատախազները վերացրել են խափանման միջոց կալանավորումը:
2021 թվականին Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվող 208 քրեական գործ՝ 248 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2020 թվակնին 178 գործ՝ 146 անձի վերաբերյալ:
Նշված անձանցից միայն 31-ի նկատմամբ է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան:
Այսպիսվ, եթե համադրենք ընտրված խափանման միջոցների ընդհանուր թիվը և առանձնացնենք «կալանավորում» խափանման միջոցը, ապա կտեսնենք, որ այն կազմում է ընդհանուրի շուրջ 10 տոկոսը, որպիսի տվյալները փարատում են այն կարծինքները, թե կալանքները համատարած բնույթ են կրում: Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2020 թվականին: Իսկ ներկայացված միջնորդություններից 80%-ը դատարանի կողմից բավարարումը վկայում է այն մասին, որ միջնորդությունները եղել են հիմնավորված և անհրաժեշտ՝ մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
-2021 թվականին քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:
-Նախ՝ նշեմ, որ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազները մասնակցել են դատարանների կողմից քննվող 180 քրեական գործով (191 անձանց վերաբերյալ) մեղադրանքների պաշտպանությանը: Դա շուրջ 40 տոկոսով ավելի է 2020թ. համեմատ: Տարվա ընթացքում 165 քրեական գործով 174 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
3 քրեական գործով 3 անձի մասով մեղադրողները դատարանում հրաժարվել են մեղադրանքից՝ անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Մեղադրանքից հրաժարվելու հիմք են հանդիսացել օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի որոշակի փոփոխությունների ի հայտ գալը:
Արդարացման դատավճիռները 2021թ. եղել են 5-ը՝ 5 անձի վերաբերյալ՝ կրկին հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դրանցից 3-ով արդարացման դատավճիռ կայացվել է, ինչպես նշեցի, հենց մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով: Մյուս 2 դեպքերում դատախազների կողմից արդարացման դատական ակտերի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որոնք դատաքննության փուլում են:
— Արդարացման դատավճիռների կայացումը որոշ դեպքերում խոսում է թերի կատարված նախաքննության կամ մարդկանց արարքներին ոչ ճիշտ իրավական գնահատականներ տալու մասին: Այս առումով, իբրև մարզի դատախազ, ինչպիսի՞ն եք համարում իրականացվող քննությունների որակը, որքանո՞վ են դրանք լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի իրականացվում և մարզի դատախազությունը ի՞նչ միջոցներով է ազդում գործերի ընթացքի վրա:
— Դատախազներն ամբողջությամբ իրացրել են նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ամբողջ գործիքակազմը: Ընդհանուր առմամբ, դատարան ուղարկված գործերով քննության որակը բավարարել է հիմնական բոլոր պահանջներին: Դա է պատճառը, որ նախ՝ մեղադրական դատավճիռների քնակն է գրեթե կիսով չափ նվազել 2020թ համեմատ, բացի այդ՝ դրանք կազմել են տարվա ընթացքում կայացված դատավճիռների ընդամենը 2.8%-ը:
Արդարացման դատավիճռներն ընդհանրապես կարող են կայացվել երեք պատճառով. մի դեպքում՝ եթե իսկապես դատարան է ուղարկվել ակնհայտ թերություններով գործ, որի պայմաններում հնարավոր չի եղել նաև մեղադրանքի որակյալ պաշտպանություն ապահովել: Նման դեպքում պարտադիր իրականացվում է ծառայողական քննություն և քննարկվում է այդ գործով դատավարական հսկողություն իրականացրած դատախազին պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հարցը:
Երկրորդ դեպքն այն է, երբ գործի քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի նոր՝ ինչպես դատարանի, այնպես էլ մեղադրող կողմի համար մինչ այդ անհայտ հանգամանքներ, որոնք խոսում են ամբաստանյալի անմեղության մասին, կամ երբ օրենսդրական փոփոխությունները բխում են ամբաստանյալի շահերից:
Եվ երրորդ դեպքն այն է, երբ դատարանը այլ կերպ է մեկնաբանում ներկայացված ապացույցները, տալիս է դրանից բխող յուրովի իրավական գնահատականներ: Բնականաբար, այստեղ դատախազը մեղավորություն չունի: Ընդհակառակը՝ նա կարող է և եթե ունի ներքին համոզմունք իր ճշմարտացիության մեջ, պարտավոր է այդ դատական ակտը բողոքարկել, ինչը և տեղի է ունենում շատ հաճախ: Կոնկրետ իմ կողմից նշված 2 դեպքերում հենց այդ պատճառով էլ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերվել է վերաքննիչ բողոք:
Այսինքն յուրաքանչյուր արդարացման դատավճիռ պետք է դիտարկել իր առանձնահատկությունների պրիզմայով, և ապրիորի մոտեցումներն այստեղ ոչ միայն արդարացված չեն, այլ նաև հակացուցված են:
Որո՞նք են 2022 թվականին Տավուշի մարզի դատախազության առաջնային անելիքները, ինչ խնդիրների վրա է առավելապես կենտրոնանալու մարզի դատախազությունը:
— Հանցագործության դեպքերի բացահայտումը և կանխարգելումը առավելապես կախված է իրավապահ մարմինների սերտ համագործակցությունից: Տավուշի մարզում 2021 թ. ընթացքում բացահայտված հանցագործության դեպքերի թիվն աճել է շուրջ 10 տոկոսով: Նշված վիճակագրական տվյալը խոսում է դատախազության և մյուս իրավապահ կառույցների արդյունավետ և փոխհամաձայնեցված աշխատանքի մասին, քանի որ միասնական ջանքերի և աշխատանքի շնորհիվ միայն կարելի է հասնել ցանակալի արդյունքի: Թեև այս ցուցանիշը խոում է դրական միտումների մասին, բայց մեզ չի բավարարում, և մեր առջև ավելի հավակնոտ նպատակներ ենք դնում ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ու, թերևս, առաջին հերթին դրանց կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու համար:
Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Տավուշի մարզը հանդիսանում է հանրապետության ամենամեծ անտառաշերտ ունեցող տարածաշրջաններից: Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, դեպքերի շարունակական նվազումը մեր մշտական առաջնահերթություններից է, այստեղ ոչ մի զիջում չի լինելու:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից կատարվել են 6 ուսումնասիրություն
Տավուշի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում ուսումնասիրվել են Տավուշի մարզի տարածքում հեռահաղորդակցության կայանների տեղադրման և շահագործված այդ նպատակով համայնքային հողերի օտարման իրավաչափությունը: հարուցվել են քրեական գործեր:
Ուսումնասիրություններ են իրականացվել Դիլիջան ազգային պարկի անտառային գոտիներում հողահատկացումների ոլորտում։ Այստեղ ևս ունենք հարուցված քրեական գործ:
Ուսումնասիրություններ են իրականացվել 2020-2021 թվականների ընթացքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման /ռեկուլտիվացիոն/ վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ոլորտում:
Ուզում եմ նշել, որ պետական շահերի պաշտպանությունը, դրա շրջանակներում ուսումնասիրությունները ավելի ու ավելի մեծ տեղ է գրավում եմ աշխատանքում, և նպատակ չունենք կանգ առնելու:
Մարզի դատախազության հիմնական առաջնայնություններից է նաև քաղաքացիների և դատախազության միջև հաղորդակցության մակարդակի բարձրացումը: Ավելանում է մարզի դատախազությունում ստացվող քաղաքացիների դիմումների, ինչպես նաև դատախազների մոտ ընդունելությունների քանակը: Վերջինիս առումով դատախազներն ավելի նախաձեռնողական են դարձել: Այս միտումները պետք է զարգացնենք՝ ամրապնդելու համար դատախազության նկատմամբ մարզի հանության վստահությունը:
Կարեն Խաչատրյան
Մեկնաբանություն