Մայիսի 1-ից Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը «Дружба» նավթատարով դեպի Գերմանիա։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը որոշումը պայմանավորել է «տեխնիկական սահմանափակ հնարավորություններով»՝ նշելով, որ հումքը կուղղվի այլ լոգիստիկ երթուղիներ։
Ղազախստանը, որն այս տարի նախատեսում էր Գերմանիա արտահանել շուրջ 3 մլն տոննա նավթ, ստիպված է վերաբաշխել մայիսյան 260 հազար տոննա հումքը։ Այն կուղղվի դեպի Ուստ-Լուգա նավահանգիստ և Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) համակարգ։
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը վստահեցնում է, որ այս փոփոխությունը չի ազդի արդյունահանման տարեկան ծրագրի վրա, սակայն փորձագետները նկատում են, որ սա լուրջ հարված է Գերմանիայի Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարանի համար, որն էականորեն կախված էր այս մատակարարումներից։

