Հայաստանի Հանրապետության թանգարաններ այցելությունների թիվը 2021 թվականի համեմատությամբ աճել է 40 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այցելությունների վիճակագրությունը Նախարարի փոխանցմամբ՝ նախորդ տարի հանրապետության թանգարաններն արձանագրել են 1 միլիոն 353 հազար այցելություն: Ընդ որում, նշված ցուցանիշում ներառված չեն «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տվյալները, որի շրջանակում միայն մեկ օրվա ընթացքում մշակութային օջախներ է այցելում ավելի քան 200 հազար մարդ։ Ժաննա Անդրեասյանը նշված ցուցանիշները գնահատել է դրական:
Որակական փոփոխություններ և միջազգային համագործակցություն Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում նկատվում են որակական փոփոխություններ, որոնք պետք է հիմք հանդիսանան ֆունդամենտալ բարեփոխումների համար: Որպես զարգացման առանցքային ուղղություն նշվել է միջազգային համագործակցությունը:
«Այստեղ միջազգային համագործակցությունները շատ կարևոր են, որովհետև սկսած ցուցադրությունների համադրման որակից մինչև դրանց ձևակերպման, ներկայացման, մարքեթինգային քաղաքականություն, դրանք նաև կարողությունների զարգացում են պահանջում»,- պարզաբանել է նախարարը:
Մշակույթի տնտեսական բաղադրիչը Անդրադառնալով ոլորտային ընկալումներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է մոտեցումների փոփոխությունը: Ըստ նրա՝ նախկինում գերակայող այն մտածողությունը, թե մշակույթի ոլորտը չի կարող ունենալ տնտեսական ազդեցություն և պետք է գտնվի բացառապես պետության հոգածության ներքո, ներկայումս փոխվել է՝ արդիականացնելով մշակույթի՝ որպես տնտեսական ազդեցություն ունեցող ճյուղի դերը:

