Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ՀՀ Ազգային Ժողովի նիստի ընթացքում բենզալցակայաններում ՀԴՄ կտրոնների չտրամադրման և գազալցակայաններում անկանխիկ վճարումների հետ կապված արհեստական խոչընդոտների վերաբերյալ պատգամավորների բարձրացրած մտահոգություններին, հայտնում է, որ որոշակի դեպքերում կիսում է այդ մտահոգությունները:
Միաժամանակ, կոմիտեն ընդգծում է, որ այս ոլորտը գտնվում է ՊԵԿ-ի առանձնահատուկ վերահսկողության ներքո: ՊԵԿ-ը շնորհակալություն է հայտնում պատգամավորներին, ովքեր անդրադառնում են հարկային կարգապահության խնդիրներին՝ նպաստելով դրանց բարելավմանը և խնդիրների լուծմանը:
ՊԵԿ-ը նաև կարևոր է համարում տեղեկացնել բենզալցակայաններում և գազալցակայաններում իրականացրած հսկողական գործողությունների և դրանց արդյունքների մասին: 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բենզալցակայանների կողմից ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ արձանագրվել են 60 դեպքով, ինչի հետևանքով տուգանքների ընդհանուր չափը կազմել է շուրջ 68 միլիոն 563 հազար դրամ: Գազալցակայաններում արձանագրվել է 25 խախտում, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 23 միլիոն դրամ:
Ավտոգազալցակայաններում իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 հարկ վճարողի նկատմամբ հայտնաբերվել են խախտումներ, որոնք հանգեցրել են 2․026 միլիարդ դրամի չափով տուգանքների: Օրինակ՝ «Օլիվեստա» ընկերությանը առաջադրվել է 743 միլիոն դրամի տուգանք, իսկ «Ջի Բի Ար» ընկերությանը՝ 506 միլիոն դրամի տուգանք:
2023-2024 թվականների ընթացքում վառելիքի ոլորտում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել է 41 հետախուզական միջոցառում, որոնց արդյունքում պետությանը պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 6․6 միլիարդ դրամ։ Այս դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 19 քրեական վարույթ:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի խախտումների վերաբերյալ ՊԵԿ-ը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արձանագրել է 928 խախտում, ինչի արդյունքում առաջադրվել է 313 միլիոն 600 հազար դրամի տուգանք:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 469.6 միլիոն գործարք` 8 տրլն 577.8 միլիարդ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները: ՀԴՄ գործարքների քանակը կազմել է 438.4 միլիոն, իսկ անկանխիկ գործարքների թիվը՝ 93.4 միլիոն, որոնք ևս աճել են անցյալ տարվա համեմատ:
ՊԵԿ-ը նաև նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են օրինապահ հարկ վճարողներին պաշտպանելուն և հարկային խախտումները «ոչ ձեռնտու» դարձնելուն:
Մեկնաբանություն